Ակցիա Նախագահականի դիմաց
14:59 | ԱՅՍՕՐ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պահանջով` ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» մի քանի տասնյակ անդամներ:
Նրանք լուռ կանգնեցին նախագահական նստավայրի առաջ այնքան ժամանակ, մինչեւ Նամակների բաժնում միության նախագահը` Արկադի Կարապետյանը, մի քանի անդամների հետ միասին ներկայացրեց իրենց պահանջները:
Վետերանները պահանջում են ստեղծել աշխարհազոր եւ ոչ մի թիզ հող չզիջել թշնամուն: «Աշխարհազորը այն է, երբ ամբողջ տղամարդիկ զենքի տակ են: Դա չի նշանակում, որ բոլորը սահմանում են, այլ նշանակում է, որ կես ժամվա ընթացքում հայերը կարող են մտնել Բաքու»,- ասաց Արկադի Կարապետյանը:
Հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիոն փորձը Արկադի Կարապետյանը բացատրում է հայկական կողմի «արխային» լինելու հետ. «Որեւէ մարդ, ով ուզում է լինի, ազգում հարց չի կարող լուծել, եթե ազգը քնել է: Եթե արթուն է, ոչ ոք ոչինչ չի կարող անել»:
«Եթե մենք ուժեղ լինենք, պատերազմ չի լինի: Մենք, որ թուլանում ենք, թշնամին գայթակղվում է եւ կարող է հարձակվել, հաղթել: Հիմա նայում են, ասում են այս ազգը քնած է, կարելի է հարձակվել: Արտացոլումն եղավ»,- ասաց նա: Իսկ խնդրի լուծումը, Կարապետյանը տեսնում է Արցախի միացմամբ Հայաստանին:
Ի դեպ, վետերանների հետագա քայլերը կախված է Սերժ Սարգսյանից: Եթե նա վերադարձից հետո չընդունի միության պատվիրակներին, հետագա քայլերի մասին լրացուցիչ կհայտնեն:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Գերմանիա: