Մոսկվայում անցկացվող գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսում Հայաստանը այս տարի 55 երկրներից 700 հրատարակչությունների շարքում արժանացել է երկու առաջին մրցանակի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մոսկվայից օրերս վերադարձած հայաստանյան պատվիրակության ղեկավար, մշակույթի նախարարության գրահրատարակչության գործակալության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանը, «ցուցահանդեսի շրջանակներում ամփոփվեց «ԱՊՀ-ի երկրների գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որի 8 անվանակարգերից 2-ում` «Տպագրվել է ԱՊՀ-ում» եւ «Արտկնիգա», առաջին մրցանակներ ստացել են Հայաստանում հրատարակված գրքեր` պետական պատվերով հրատարակված «Գույնը միջնադարյան ճարտարապետության մեջ»` Վան Խաչատուրի գիրքն է, հրատարակել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, եւ մյուսը` «Տպագրվել է ԱՊՀ-ի երկրներում» անվանակարգով` «Երեւան» ալբոմը, հեղինակ` Գագիկ Բաղդասարյան, հրատարակիչ` նույնպես «Տիգրան Մեծ» հրատարակչությունը»:

Հայաստանում շուրջ 200 հրատարակչություն է գործում: Հայաստանցի գրահրատարակիչները համոզված են, որ գրահրատարակչության ոլորտը այսօր երկրում այն եզակի բնագավառներից է, որը եվրոպական չափանիշների համաձայն է գործում:

«Մենք ունենք եվրոպական միջին որակ, որը չափանիշ է: Այսօր Հայաստանում արտադրվող շատ քիչ արտադրատեսակներ կան, որ կարող են համապատասխանել միջազգային չափանիշներին», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

«Ինչպե՞ս եք բացատրում` մի կողմից, այդպիսի հրաշալի գրահրատարակչություն ունենք, հարյուրավոր տպարաններ, հրատարակչություններ, եւ այնուամենայնիվ, մյուս կողմից, գրողները մշտապես դժգոհում են ընթերցողների պակասից», - այս հարցին Միլիտոնյանը արձագանքեց. - «Այսպես ասած` ընթերցողական ճգնաժամը աշխարհի մակարդակով է: Ե'վ համակարգիչը, ե'ւ տարբեր տեխնիկական միջոցները նեղացնում են ընթերցողական զանգվածի վիճակը»:

Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում գրքի սիրահարներ միշտ էլ կգտնվեն:

Անցյալ տարի Հայաստանը ստացել էր գրքի մոսկովյան ցուցահանդեսի գրան-պրին` գլխավոր մրցանակը: