Մեր տեղեկություններով` ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաեւ ՀՀ պաշտոնյաներ:
ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, եւ կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն, ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով, ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետեւյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան («Նեմեց Ռուբո») եւ Լեւոն Սարգսյան («Ալրաղացի Լյովիկ»), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան («Լֆիկ Սամո»), ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ մեր տեղեկությունների, ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել, քանի որ ի սկզբանե բացառել են, որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել: