Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու եւ կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին: Այդ լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վերջինս չմեկնաբանեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Թամամյանն ու Ադամյանը ազատվել են պաշտոնից ինչ-որ մութ պատմության արդյունքում:
Ի դեպ, նա հաստատեց, որ այսօր` փետրվարի 28-ի առավոտյան մահացել է Հովհաննես Թամամյանի հայրը՝ Ղուկաս Թամամյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, վկայակոչելով մամուլի հրապարակումները, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված, որում առկա են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները։ Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը 150 հազար դոլարի կաշառքի եւ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա սպանության մի գործ բարդելու մասին է։
Հատկանշական է այն, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանն, ըստ մամուլի հրապարակման, արդեն ազատվել էր աշխատանքից, սակայն ոստիկանության մամուլի ծառայությունը փետրվարի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, թե Հովհաննես Թամամյանը հեռացվել է աշխատանքից: