«Ազգը» երեկ հյուրընկալել էր ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ-ի Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքի Կենտրոն եւ Չինական թաղամասերի ղեկավար (ի դեպ այդ պաշտոնը կամավոր հիմունքներով է եւ անվճար), սենատոր Սեմ Սլոմի օգնական Ֆրենկ Լավոյին իր հայուհի տիկնոջ` Մարգարիտ Լավոյի հետ:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Հավայի նահանգը ԱՄՆ-ի թվով 42-րդ նահանգն էր, որ այս տարվա ապրիլի 7-ին պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Իսկ դրանում մեծ ավանդ ու ջանքեր է ներդրել Ֆրենկ Լավոյին իր տիկնոջ հետ:
Ֆրենկ Լավոյը Հայաստան առաջին անգամ եկել է 1995-ին ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի անդամների հետ ու կամավոր երկու տարի դասավանդել է Գավառի պետական համալսարանում: Այդ ընթացքում ծանոթանում է Մարգարիտի հետ ու ամուսնանում: Մեկ տարի անց նրանք տեղափոխվում են Բոստոն: 1999-ին տեղափոխվել են Հավայի նահանգ, որտեղ էլ Ֆրենկ Լավոյը դառնում է պառլամենտի սենատորի օգնական ու համայնքների ղեկավար: Լավոյի ամուսիններն ունեն մեկ տղա` 7 տարեկան, եւ ընտանիքում հավասարապես պահպանվում են երկու ազգերի սովորույթներն ու կենցաղը: Ֆրենկը գոհունակությամբ էր նշում, որ հայկական խոհանոցը շատ է սիրում, իսկ խաշը պաշտում է, բայց ափսոսում, որ շատ շոգ եղանակին չի կարող ուտել:
Ֆրենկն իր կնոջից, մտերիմներից ու դրացիներից մանրամասն տեղեկանում է 1915 թ. Մեծ եղեռնի մասին, փորձում է որոշ փաստաթղթեր հավաքել 20-րդ դարի հայտնի գեղանկարիչ, Եղեռնի ականատես, Հավայի նահանգում մահկանացուն կնքած Արման Թադեւոս Մանուկյանի մասին, որի նկարները պահպանվում են մի շարք թանգարաններում: Կոստանդնուպոլսում 1904 թ. ծնված Արման Մանուկյանը Եղեռնից մազապուրծ ծնողերի հետ 20-ական թվականներին տեղափոխվում է սկզբում Ֆրանսիա, այնուհետեւ Հավայի նահանգ: Ա. Մանուկյանը հենց այդ նահանգում էլ ստեղծում է բարձրարժեք կտավներ ու վաստակում «Հավայան Վան Գոգ» անունը: Ցավոք, հայազգի անվանի նկարիչը երիտասարդ տարիքում կյանքին վերջ է տալիս, սակայն նրա համբավը շարունակվում է ոչ միայն 800.000 բնակչություն ունեցող Հավայի նահանգում, որտեղ մոտ 100 ընտանիք հայեր են ապրում, այլեւ շատ երկրներում, որտեղի թանգարաններում պահպանվում են Արման Մանուկյանի կտավները:*
Եվ ահա 2008-ի ապրիլի վերջին ԱՄՆ-ի ազգային կոմիտեից առաջարկ է արվում Ջորջ Կասենին Հայոց ցեղասպանությունը ներկայացնող փաստաթուղթ պատրաստել: Վերջինս դիմում է Ֆրենկ Լավոյին, որպեսզի հենց նա պատրաստի այդ փաստաթուղթը ու հարցը ներկայացնի պառլամենտում: Հավայի պառլամենտը աշխատում է ընդամենը 5 ամիս, ապրիլի վերջին նրանք գնում են հանգստի մինչեւ դեկտեմբեր ամիսը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Ֆրենկը սենատորներից ստանում է սերտիֆիկատ, որ նրանք ապրիլի 24-ը ճանաչում են ցեղասպանության օր, որն էլ հնարավորություն է տալիս Ֆրենկ Լավոյին դեկտեմբեր ամսին պառլամենտին ներկայացնելու ամփոփ փաստաթուղթը, որում Ֆրենկը մանրամասն ներկայացնում է նկարիչ Արման Մանուկյանի կյանքն ու գործունեությունը որպես Եղեռնի հերթական վերապրողի ու զոհի, որն իր կյանքի մեծ մասը ապրել ու ստեղծագործել է հենց Հավայի նահանգում, որը դեռ պաշտոնապես չի ընդունել ցեղասպանությունը: Հենց այդ փաստն էլ մեծ դեր է խաղացել Ներկայացուցիչների պալատի կոմիտեի նիստի 6 անդամների համար ու նրանք ինտերնետային հարցում անցկացնելուց հետո միաձայն տալիս են իրենց դրական կարծիքը, որ փաստաթուղթը ներկայացվի պալատի 50 անդամների քննարկմանը: Պալատի բոլոր անդամները միաձայն հաստատում են փաստաթուղթը, որն էլ 2009-ի ապրիլի 7-ին օրինական ուժի մեջ է մտնում, ու դառնում ԱՄՆ-ի 42-րդ նահանգը, որ պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր համարում եւ իր լուր աշխարհի ուղարկում է մամուլի հաղորդագրություն: Տեղեկանալուն պես Ամերիկայի հայկական համագումարը կապվում է Ֆրենկ Լավոյի հետ եւ նրանք էլ հատուկ հաղորդագրություններ են տարածում աշխարհով մեկ: Ի դեպ, հենց Հավայի նահանգում է ծնվել ու մեծացել ԱՄՆ նախագահ Օբաման, հենց այդ փաստաթուղթը պաշտոնապես ընդունելու օրը Օբաման պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում:
Լավոյ ամուսինների Հայաստան այցի նպատակներից էր նաեւ հանդիպումը Ամենայն հայոց հայրապետի հետ, որպեսզի առաջարկեին հայկական մեկ խաչքար նվիրել Հավայի նահանգին, որը կտեղադրվի Հոնոլուլու քաղաքի կենտրոնական հրապարակում ու այդ պուրակը կանվանակոչվի Հայկական: Հուսանք, որ երիտասարդ ամուսինների այս երազանքն էլ կիրականանա, ինչպես եղավ ցեղասպանությունը պաշտոնապես ընդունելու փաստը: