Մեղավորը Վարդան Պետրոսյա՞նն է
15:29 | Այսօր | ՄՇԱԿՈՒՅԹ
Դերասան Վարդան Պետրոսյանը հուլիսի 17-ին, 18-ին, 19-ին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր «Ցմահ բանտարկյալներ» տրագիկոմեդիան:
Այն գրել է 2004թ.-ին' ազդված ապրիլյան իրադարձություններից: Այսօր Հայաստանում սրված իրավիճակի, մարտի 1-ի եւ նրա դառը հետեւանքներից հետո պիեսը որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո կրկին կբեմադրվի, սակայն բոլորովին այլ ժանրում:a
Վարդան Պետրոսյանը մենակ չի խաղա, նրան կընկերակցեն եւս երկու դերասաններ' Գեւորգ Մինասյանն ու Մելիք Վարդանյանը:
«Շատ զվարճալի եւ թախծոտ ներկայացման մեջ հանդես են գալու երեք կերպար: Մեկը հասարակության ուժեղ զանգված է' գռփող, թալանող, վերցնող, սպանող, մյուսը խեղճ ժողովուրդն է' բոլոր իրավունքներից զրկված, տեսնում ենք նաեւ ընկած մտավորականի, լսում ենք նրա խոստովանությունը»,- պատմում է ընկած մտավորականին մարմնավորող Վարդան Պետրոսյանը,-«Կարող ենք այս ամենը նաեւ այլ կերպ հասկանալ, հասկանալ իշխանություն, ընդդիմություն եւ այս երկուսի բախման մեջ գտնված մի խեղճ ժողովուրդ, որ չի հասկանում ինչ անի, ելք չի գտնում»:
Նա նշեց, որ փորձել է ստեղծել բարի մթնոլորտ, գունեղ կախարդական աշխարհ, որովհետեւ համոզված է, որ հենց այդ ձեւերի հակասությունն է լավ տպավորություն թողնում. «Հիմա փորձել եմ դա ստանալ. ինչ կլինի, չեմ կարող ասել: Կգա հանդիսատեսը, նա էլ կորոշի ներկայացման ճակատագիրը, կորոշի ներկայացումը կապրի՞: Եթե կապրի, ինչքա՞ն կապրի»:
Վարդան Պետրոսյանը, նոր ոճում հանդես գալով, կարծում է, որ դա կարող է կորցնել իր հանդիսատեսների մի մասին, բայց հաստատ կբերի ուրիշ հանդիսատես: Ըստ նրա' հանդիսատեսի ինչ-որ տոկոս գալիս է նայելու «ջարդեց, փշրեց, կացնահարեց, բոլորին կպավ' Սերժ, Լեւոն, Ռոբերտ, պահ, պահ, պահ, էս ինչ լավ էր կպնում»: «Այդ հանդիսատեսը այս անգամ իրեն բավարարված չի զգա»,- նկատում է Վարդան Պետրոսյանը, որովհետեւ ներկայացման մեջ չկա կոնկրետ անուն, կոնկրետ իրադարձություն, մատնանշած չի օր, ամսաթիվ:
Քանի որ ներկայացման մեջ խոսք է գնում նաեւ մարտի 1-ի մասին, ներկայացվում են տեսարաններ' մարտի 1-ի ողբերգությունից հետո դատարաններում կեղծ վկայությունների հետ կապված, ապա «Ա1+»-ի հարցին, թե ո՞ւմ է մեղադրում դերասանը եւ մտավորականությունը կարո՞ղ էր կանխել, նա պատասխանեց. «Առաջին հերթին մեղադրում եմ ինձ, որովհետեւ այստեղ չէի: Եթե այստեղ լինեի, չգիտեմ' որտեղ կլինեի եւ ինչ կանեի: Ես չգիտեմ, թե ինչ կարող էի անել կանխարգելելու համար, բայց այնուամենայնիվ ես ներկա կլինեի այս դժոխային իրավիճակում: Ինչքանով կարող է մտավորականությունը կանխել, չգիտեմ»: Ըստ նրա' զոհերը մեր ողբերգություններից մեկն են. «Նրանք սրբացան միայն մի բանի համար, որ մենք մեկ անգամ եւս հասկանանք, որ այսպես ապրել անհնար է, բայց մենք էլի չհասկացանք, մեծ քայլերով գնում ենք առաջ»:
Ի դեպ, Վարդան Պետրոսյանը նախագահին, որեւէ նախարարի կամ այլ պաշտոնյայի հրավիրատոմս չի ուղարկում, քանի որ կարծում է, որ նրանք բավականաչափ գումարներ ունեն տոմս գնելու համար: Նա միայն հրավիրատոմսեր է ուղարկում կույրերին, «հին ինտիլիգենցիային' ակադեմիկոսներ, գիտնականներ» եւ այլն, որովհետեւ «դերասանը կրթվում է այդ հանդիսատեսով»:
Իսկ օլիգարխները թատրոն չեն գալիս եւ նրա պնդմամբ' առաջիկա 40 տարում չեն էլ գա: