Նախիջեւանի կլանը մտահոգված է. Մեհրիբան Ալիեւան կարող է դառնալ Ադրբեջանի հաջորդ նախագահը
Հոկտեմբեր 19, 2011 | 00:43
Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, գրում է «Ազադլըգ»-ը, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:
«Նախիջեւանի կլանն այդ մտահոգությունն ուներ դեռ 2008-ին, բայց երբ Իլհամ Ալիեւը երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, լայնորեն սկսեց քննարկվել, որ Մեհրիբան Ալիեւան կդառնա Ադրբեջանի նախագահ 2013-ին: Բաքու-Շիրվանյան կլանն այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում, փոխարենը նախիջեւանյան կլանը հարկադրված էր համապատասխանաբար գործել: Արդյունքում, 2009-ի մարտի 18-ին անցկացված հանրաքվեի շնորհիվ Փաշաեւների ծրագիրը լիովին ձախողվեց: Բայց այժմ, երբ Իլհամ Ալիեւն աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ, շատ հավանական է, 2013–ին նախագահի պաշտոնը զբաղեցնի Մեհրիբան Ալիեւան: Ավելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին այցից եւ դրա ընթացքում Մեհրիբան Ալիեւայի հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքից հետո, նախիջեւանյան կլանը իսկապես մտահոգվելու լուրջ պատճառներ ունի»,-եզրափակում է «Ազադլըգը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը` Ադրբեջան կատարած այցի ժամանակ միակ նշանակալից իրադարձությունը եղել էր Ադրբեջանի առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային Պատվո Լեգիոնի շքանշան շնորհելը: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի այցերը Հայաստան եւ Վրաստան աչքի էին ընկել մի շարք արժեքավոր իրադարձություններով: Սարկոզիի նվերը Մեհրիբան Ալիեւային մի շարք մտորումների տեղիք է տվել Ադրբեջանում: Ֆրանսիայի նախագահը միեւնույն շքանշանը շնորհել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, սակայն Ադրբեջանի նախագահը չէր արժանացել այդ պարգեւին: Այդ օրդենը շնորհվում է դեմոկրատացման ուղղությամբ ձեռնարկած ակտիվ ջանքերի համար, իսկ Իլհամ Ալիեւը Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես բռնապետ, իսկ Սարկոզին իր քայլով ցույց է տվել, որ Մեհրիբան Ալիեւան այլ կերպ է ընկալվում Արեւմուտքում, Իլհամ Ալիեւից զատ: