ԿՈՆԳՐԵՍԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԴՐՈՇԸ 04/06/09 [11:55]
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրության կապակցությամբ Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում, ինչպես նաեւ նախընթաց նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն։ Դրան մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, այլեւ ամբողջատիրական /տոտալիտար/ մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ:
Օգտագործվել են հատկապես հանրության խոցելի խավերը։
Պաշտպանության նախարարությունն ապահովել է զինվորների եւ այլ զինծառայողների ապօրինի քվեարկությունը, ինչի մասին կան արձանագրումներ եւ հրապարակումներ։ Քվեարկությանը մասնակցելու նպատակով, ՊՆ գաղտնի հրահանգով նրանց զանգվածաբար ապօրինի արձակուրդներ են տրամադրվել, մասնավորապես շեշտելով, որ դա արվում է նաեւ զինվորների եւ այլ ծառայողների ընտանիքների անդամների, բարեկամների եւ համակիրների վրա ներազդելու, ցանկալի քվեարկության հասնելու նպատակով: Փաստորեն զինծառայողներն օգտագործվել են որպես պատանդներ՝ նրանց մերձավորների վրա ազդելու նպատակով:
Հիվանդանոցների եւ հանրակրթական դպրոցների ղեկավարներին հանձնարարվել է պատրաստել իշխանությունների թեկնածուի օգտին քվեարկողների, այսպես կոչված, 100-տոկոսանոց ցուցակներ, որոնք օգտագործվել են քվեարկության օրը։ Չնայած մինչ այդ մամուլում այդ մասին բազմաթիվ հաղորդումների, դրանց հանցավոր կերպով չեն արձագանքել ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը:
Պետական տարատեսակ մարմիններին, մասնավորապես համապասխան նախարարություններին եւ կենսաթոշակային հիմադրամին, ինչպես նաեւ համատիրություններին իջեցված հրամաններով նախապես կազմվել են սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները, որոնցով առաջնորդվել են ընտրակաշառք բաժանողները:
Մանր ու միջին բիզնեսի ներկայցուցիչների վրա դրվել են տուգանքներ, ապա դրանք հանվել են՝ որոշակի քվեարկության խոստման դիմաց։
Ոստիկանության եւ թաղային հեղինակությունների, կրիմինալ հակումներ ունեցողների միջոցով ճշտվել են տարատեսակ խնդիրներ ունեցող ընդդիմության համակիրները, նրաց ահաբեկել են՝ չմասնակցել ընտրություններին: Ընդհուպ՝ զանգվածաբար ժամանակավորապես առգրավվել են նրանց անձնագրերը ընտրություններում նրանց մասնակցությունը բացառելու նպատակով:
Ընտրական ցուցակները պարունակել են բազմաթիվ կեղծիքներ, մասնավորապես՝ գոյություն չունեցող շենքեր եւ տներ՝ անհայտ բնակիչներով, մեկ տանը մի քանի տասնյակ անհայտ մարդկանց գրանցում, մեռած հոգիներ, Երեւանում հաշվառում չունեցող անձինք:
Քվեարկության օրվան նախորդող երեկոյան եւ գիշերը իրականացվել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում:
Քվեարկության օրը 8.00-11.00 ժամանակշրջանում ամբողջ քաղաքում իրականցվել է կաշառված ընտրազանգվածի քվեարկության օպերացիան: Առկա բոլոր տեսակի տրանսպորտային ծառայությունները, ներառյալ տաքսու եւ երթուղային ծառայություները, հատուկ խմբերի վերահսկողությամբ եւ նախապես պատրաստված ցուցակներով փոխադրել են ընտրակաշառք ստացած քաղաքացիներին, տարբեր մեթոդներով վերահսկել են նրանց քվեարկությունը: Այդ պատճառով բոլոր քվեատուփերում իշխող կոալիցիայի օգտին քվեարկած քվեաթերթիկները գտնվել են քվեատուփի ներքեւի մասում:
Գյումրիից, Վանաձորից, այլ քաղաքներից քաղաքային իշխանությունների եւ ոստիկանության աջակցությամբ ավտոբուսներով քվեարկության նպատակով Երեւան են ուղարկվել նաեւ հաշվառում չունեցող քաղաքացիների խմբեր, որոնք բազմակի քվեարկել են տարբեր տեղամասերում:
Տեղամասերի մեծամասնության մոտակայքում ստեղծվել են կասկածելի անձանց կուտակումներ, որոնք ճնշումներ են գործադրել ընտրողների վրա՝ ստիպելով քվեարկել հօգուտ իշխող կուսակցությունների եւ բազմաթիվ դեպքերում խոչնդոտել ընդդիմության համակիրների քվեարկությունը:
Օրվա վերջում նախապես ճշտված ցուցակներով կազմակերպվել է քվեարկություն՝ բացակաների, մեռած հոգիների, ինչպես նաեւ քվեարկությանը հաստատապես չմասնակցողների փոխարեն:
Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ապացուցում են, որ Հայաստանում ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական ամբողջատիրական /տոտալիտար/ պետական համակարգ: Երկրի վարչախումբը ըստ էության վերածվել է խունտայի, որը պետական իշխանության լծակներ եւ քրեական աշխարհի միաձուլմամբ ստեղծել է համատարած ահաբեկման մի ապարատ, որըն այսօր կարողանում է ազդել ցանկացած ընտանիքի վրա։: Հայ Ազգային Կոնգրեսը բարձրացրել է մարդատյաց ու ազգակործան այս համակարգի դեմ պայքարի դրոշը: Մենք երկրի բոլոր դեմոկրատական քաղաքական ուժերին կոչ ենք անում համախմբվել ժողովրդավարության հաստատման համար մղվող այս պայքարում: