ԱՄԱՆՈՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Մեր թերթը կրկին հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել Երեւանում։ Այս անգամ որոշել էինք պարզել, թե երեւանցիները որքան գումար են նախատեսել Ամանորի անցկացման համար։ Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցման միջոցով. ձգտել ենք հնարավորինս ամբողջապես ընդգրկել ե՛ւ Երեւանի բոլոր համայնքները, ե՛ւ սեռատարիքային խմբերը։ Նշենք, որ 100 հոգի համաձայնել են մասնակցել հարցմանը, իսկ 21 հոգի հրաժարվել է պատասխանել։ Հարցվողներին տրվել է «Մոտավորապես որքա՞ն գումար եք նախատեսել Ամանորի անցկացման համար» հարցը։ Այսպիսով, ներկայացնում ենք հարցման արդյունքում ստացված տվյալները։
Բոլոր հարցվողների (100 հոգի) պատասխանների արդյունքում ստացվել են հետեւյալ տվյալները.
1. Մինչեւ 100 հազ. դրամ-33%
2. 100-150 հազ. դրամ-27%
3. 150-250 հազ. դրամ-10%
4. 250-350 հազ. դրամ-7%
5. 350 հազ. եւ ավել-3%
6. Ամանորի տոնին առանձնապես գումար չեմ նախատեսել ծախսել-3%
Դժվարանում եմ պատասխանել-17%
Ստացված տվյալները բավականին անսպասելի էին մեզ համար, քանի որ հարցվողների մեծ մասը (47%) 100 հազար դրամից ավել գումար է նախատեսել Ամանորի անցկացման համար։ Ըստ էության, հարցվողների մեծ մասը, չնայած ամենուր նկատվող թանկացումներին, ավանդական ամանորյա ճոխ սեղան է ուզում պատրաստել։ Նշենք, որ «Ամանորի տոնին առանձնապես գումար չեմ նախատեսել ծախսել» պատասխանը հնչեցնելիս` հարցվողները մեկնաբանում էին իրենց պատասխանները (հարցվողներին «ինչու՞» հարցը չի տրվել, նրանք իրենք են ցանկացել պատճառաբանել իրենց պատասխանը), որ կամ գումար չունեն, կամ Ամանորն անցկացնում են իրենց երեխաների հետ, ովքեր ամանորյա ծախսերն արդեն հոգացել են։ Այժմ տեսնենք, թե ըստ տարիքային խմբերի ինչպիսի արդյունքներ են ստացվել։ Առանձնացրել ենք մինչեւ 35 տարեկանների, 35-50 տարեկաննների եւ 51 եւ ավել տարեկանների խմբեր։
Մինչեւ 35 տարեկան տարիքային խմբում (34 հոգի) ստացվել են հետեւյալ արդյունքները.
1. 100-150 հազ. դրամ-38%
2. Մինչեւ 100 հազ. դրամ-20%
3. 250-350 հազ. դրամ-15%
4. 150-250 հազ. դրամ-6%
5. 350 հազ. եւ ավել-3%
Դժվարանում եմ պատասխանել-18%
35-50 տարեկան տարիքային խմբում (30 հոգի) ստացվել են հետեւյալ արդյունքները.
1. 100-150 հազ. դրամ-30%
2. 150-250 հազ. դրամ-27%
3. Մինչեւ 100 հազ. դրամ-17%
4. 250-350 հազ. դրամ-3%
Դժվարանում եմ պատասխանել-23%
51 եւ ավել տարիքային խմբում (36 հոգի) ստացվել են հետեւյալ արդյունքները.
1. Մինչեւ 100 հազ. դրամ-58%
2. 100-150 հազ. դրամ-14%
3. Ամանորի տոնին առանձնապես գումար չեմ նախատեսել ծախսել-8%
4. 350 հազ. եւ ավել-5%
5. 250-350 հազ. դրամ-3%
Դժվարանում եմ պատասխանել-12%
Նշված տվյալներից երեւում է, որ Ամանորի անցկացման համար ամենաքիչ գումար են նախատեսել 51 եւ ավել տարիքային խմբի հարցվողները, իսկ համեմատաբար ավելի շատ 35-50 տարեկանների խմբի հարցվողները։ Դրա պատճառն այն է, որ 51 եւ ավել տարիքային խմբի հարցվողների մեծամասնության եկամուտը ավելի քիչ է (հիմնական եկամտի աղբյուրը թոշակն է` չնչին գումար)։ Հետաքրքիր է, որ «Ամանորին առանձնապես գումար չեմ նախատեսել ծախսել» պատասխանը առկա է միայն 51 եւ ավել տարեկանների խմբում, ինչը այս տարիքային խմբի հարցվողների մի մասի մեջ կամ ֆինանսների պակասի, կամ Ամանորը հարազատների հետ անցկացնելու մասին է վկայում։ Ինչպես տեսնում եք, «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը ավելի բարձր տոկոսներ է հավաքել 36-50 տարեկանների խմբում (23%), ինչը խոսում է այս տարիքային խմբի հարցվողների` համեմատաբար ավելի քիչ կողմնորոշված լինելու մասին։
ԼԵՆԱ ՍՈՒՐՄԱԼՅԱՆ