ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 28, 2008թ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց
Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով
Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով:
Միասնական Տերունական աղոթքից հետո Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին: Նորին Սրբությունը խորհրդի անդամներին ներկայացրեց Հնդկաստան և Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցի կատարած Հովվապետական այցերի մանրամասները և տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի և Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին:
Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին և նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության և հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ և մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին և ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների և Վրաց Եկեղեցու կողմից որևէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:
Այնուհետև Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ կոչով.
ՙԳերագույն Հոգևոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի և հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները:
Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում և նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և հայրենական իրենց սրբությունների՚:
Օրակարգում ընդգրկված էին նաև ներեկեղեցական և միջեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր:
Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով:
###