Ավազին պառկելու համար
«Զարգացնենք հայկական զբոսաշրջությունը» կոչերով ոգեւորված հայերս այս ամառ Սեւանի լողափերում հանգստանալու համար պետք է ունենանք կլորիկ գումար:
Սեւանում «գերազանց հանգիստ» խոստացող պաստառներից իրականություն ընկած ճանապարհը հատվում է պարզ բացահայտումով՝ մեկ շաբաթ Սեւանում հանգստանալու համար երկու անձին անհրաժեշտ է միջինը 80000 դրամ: Թվաբանական այսօրինակ հաշվարկները սկսվում են դեռ Սեւանի լողափի մուտքից. «Բարով եք եկել, արդեն մի քանի ժամ էստեղ եք, չե՞ք ուզում վճարել լողափի համար, եթե գիշերը վրանով մնալու եք, գինը թանկանում ա»: Այս հայտարարությամբ է ձեզ մոտենում այն երիտասարդը, ով ներկայանում է որպես «լողափի նայող» կամ «լողափի տեր»: Գները «ավազին պառկելու համար» տատանվում են 2000-ից 10.000 դրամի սահմաններում: Ոչ բոլորին է գայթակղում վրանով մնալու հեռանկարը, եւ սկսվում է լողափերի տնակների փնտրտուքը: Այստեղ պարզում ես, որ երկտեղանոց տնակների արժեքը մեկ օրվա համար սկսվում է 5000-ից եւ հասնում մինչեւ 30.000 դրամի, կախված, թե ինչպիսի՞ն են պահանջվող հարմարությունները: Նմանարժեք տնակներում բացակայում են լոգարանը, պետքարանը, օդափոխիչները: Տնակներից դուրս գտնվող ընդհանուր լոգասենյակում ու պետքարաններում չկան հիգիենայի տարրական պայմաններ եւ տաք ջուր: Նմանատիպ հաստատությունում չմնալու դեպքում ձեզ կառաջարկեն լոգասենյակով ու հեռուստացույցով ապահովված տնակներ, որոնց արժեքը մեկ օրվա համար տատանվում է 25.000-ից եւ հասնում մինչեւ 100.000 դրամի: Գներն այս դեպքում ներառում են նախաճաշն ու ջրային զվարճանքները:
Որոշում եք ընտրել Սեւանի բազմաթիվ հյուրանոցներից մե՞կը, պատրաստվեք, ամենաէժան սենյակը վարձակալելով՝ մեկ օրվա համար վճարում եք 18.000 դրամ: Սենյակի արժեքի մեջ չեն մտնում սնունդն ու հյուրանոցին պատկանող լողափի ջրային զվարճանքները, որոնք սկսվում են 2500 դրամից եւ հասնում մինչեւ 30.000-ի: Այն ձեզ տրամադրելիս նախ պարզում են ազգությունն ու տարիքը: Այստեղ օտարերկրացիների համար ամեն ինչ թանկ է կրկնակի՝ նրանք, օրինակ, 100 դրամ արժեցող պաղպաղակը գնում են 300 դրամով:
Գնային նմանատիպ ցուցանիշներից ապշած հայաստանաբնակը նախընտրում է արտերկրյա հանգիստը, առավելապես՝ Վրաստանում կամ Թուրքիայում: Վրաստանի Բաթում, Քոբուլետի կամ Ուռեկի քաղաքներում մեկ շաբաթյա հանգիստ անցկացնելու համար՝ օգտվելով ռեստորաններից եւ տարատեսակ զվարճանքներից, երկու անձին անհրաժեշտ է միջինը 30.000-ից 74.000 դրամ: Գումարը տատանվում է՝ հաշվի առնելով փոխադրամիջոցը եւ ընտրվող հյուրանոցային համարը: Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկշաբաթյա հանգիստը երկու անձի համար արժե միջինը 80.000 դրամ, ներառյալ ճանապարհածախսը, հյուրանոցը՝ երեք անգամյա սնունդով ու զվարճանքներով:
Եվ մինչ մենք հավաքում ենք ճամպրուկները լիարժեք հանգստանալու ակնկալիքով, լրատվական թողարկումներից պարզվում է. «Թուրքիայում զբոսաշրջությունից ստացվող եկամուտը 2009 թ. գերազանցել է 22 միլիարդ դոլարը»,- Ուկրաինայում հայտարարել է Թուրքիայի դեսպանը, իսկ Վրաստանում 2009 թ. այս ցուցանիշը հասել է 2 միլիարդ դոլարի:
ԼՈՒՍԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/politics/80871/view
Лежать на "пляжу" в Севане - от 2000 до 10000 драм в день.
Двухместные будки на "пляжу" без удобств и воды от 5000 до 30000 драм, с удобствами от 24000 до 100000 драм.
Комната в пансионате от 18000 драм.
При отельный басейн и аттракционы от 2500 до 30000 драм.
Для не местных всё в 3 раза дороже.
Примерная оценка для отдыха двух персон без удобств на Севане на неделю от 80000 драм.