http://hetq.am/arm/culture/8411/




Սարդարապատ
[Հոկտեմբեր 06, 2008]


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսն արգելվել է: Այն նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-ին եւ 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Հետքի» խնդրանքով Տիգրանը Խզմալյանը տրամադրել է ֆիլմի սցենարը, որը ներկայացնում ենք ընթերցողներին:

1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11-անց 11 րոպեին հանդիսավորապես հայտարարվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրացուցային պաթոսն արտացոլում էր հաղթողների այն միամիտ պատրանքը, թե մարդկային պատմության մեջ այլեւս երբեք չի կրկնվի այդպիսի սարսափելի սխալ, որը 10 միլիոն կյանք խլեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:

Ինչպես հայտնի է` այդ պատրանքը դիմացավ ընդամենը 20 տարի` մինչեւ երկրորդ աշխարհամարտի սկիզբը, սակայն մինչ այդ առաջին համաշխարհային պատերազմի շատ մարտեր հավերժացան մարդկային պատմության մեջ` Սոմն ու Իպրը, Վերդենն ու Գալապոլին: Ի տարբերություն դրանց` աշխարհի համար գրեթե անհայտ մնաց Արաքս գետի մերձափնյա երկաթուղային փոքրիկ կայարանի մոտ հինգ օր տեւած մի ճակատամարտ, որը կանխորոշեց կովկասյան երեք երկրների ու նրանց մայրաքաղաքների ճակատագիրը, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի ապագան: Այս կայարանն այսօր էլ կոչվում Սարդարապա: է

20-րդ դարը պատմության մեջ ներխուժեց երկաթգծով: Առաջին աշխարհամարտը եւս երկաթուղիների պատերազմ էր: Երկաթե մարդկանց ձեռքով գծված երկաթե քարտեզներով երկաթե գնացքները սլանում էին երկաթե գծերով` անիվների տակ ճզմելով ճանապարհին պատահած փոքրիկ երկրները, ազգերին ու ճակատագրերը: Պատահական չէ, որ Օսմանյան Թուրքիայում պատերազմի ու Հայոց ցեղասպանության ուղիները նույնպես համընկնում էին երկաթուղու գծերին: Պատահական չէ, որ մասնատված Հայաստանի տարածքում այդ պատերազմն ու ցեղասպանությունը կասեցվեցին հենց երկաթուղային կայարանում:

Փորձենք անցնել այդ ճանապարհը...

1918 թվականի գարնանը` չորսամյա համաշխարհային մսաղացից հետո, բոլոր մարտնչող ազգերը հոգեվարքի մեջ էին:

Հեղափոխվող Ռուսաստանը հրաժարվեց եւ պատերազմից, եւ միլիոնավոր զոհերի գնով նվաճած տարածքներից` փլվող կայսրության արեւմուտքը հանձնելով Գերմանիային, իսկ հարավը` Թուրքիային:

Ֆրանսիական զորքը նահանջել էր մինչեւ Փարիզի արվարձանները եւ վերջին ճիգերով հետ էր մղում գերմանական գրոհները:

Բրիտանիան իր բանակի մեծ մասը հանել էր եվրոպական ռազմաճակատից եւ ուղարկել Արաբիա, Եգիպտոս ու Հնդկաստան` իր գաղութները պաշտպանելու: Սակայն գրեթե թվացյալ հաղթանակի հասած Գերմանիան նույնպես կաթվածահար վիճակում էր: Տասնամյակներ անց որոշ վերլուծաբաններ մատնանշում էին երկու գործիչների անուններ, որոնց պատճառով կայզերական Գերմանիան արդեն գրեթե հաղթած պատերազմում պարտություն կրեց: Առաջինն ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր, ով երկրի սահմանադրությունից հանեց ամերիկյան զորքն արտասահման ուղարկելու արգելքը` այսպիսով Գերմանիայի դեմ բացելով երրորդ ռազմաճակատը:

Երկրորդ անձնավորությունը, ով գերմանական բանակին, նավատորմին եւ օդուժին զրկեց Կասպից ծովի նավթային պաշարներից` Բաքվի կոմունայի առաջնորդ Ստեփան Շահումյանն էր: Նա կատարելով Լենինի առաջադրանքը` առաջացող գերմանական զորքերին սպառնացել էր պայթեցնել ու այրել բոլոր նավթահորերը, ինչից հետո պատերազմը շարունակելը կդառնար անհնարին:

Ծանրագույն վիճակում հայտնվեց նաեւ Գերմանիայի հիմնական դաշնակիցը` Թուրքիան: Օսմանյան կայսրությունը պատերազմի ընթացքում կորցրել էր Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Արաբական Արեւելքի գրեթե բոլոր գաղութները, ուստի երիտթուրքերի կառավարությունն այժմ ձգտում էր իրագործել զինվորական նախարար Էնվեր Փաշայի եւ նրա գաղափարախոս-խորհրդատու Բեհաեդդին Շաքիրի արկածախնդիր ծրագիրը` Կովկասի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի տարածքներում համաթուրանական նոր գերտերության ստեղծումը: 1918 թ. ամռանը Բաթումի բանակցություններում դոկտոր Շաքիրը հայ պատվիրակությանն ասաց.«Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթուրքական սրբազան իդեալներու իրականացման ճամփու վրա, եւ մենք անխուսափելիորեն կբախվինք անոնց հետ: Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներեն ու տրամադրություններեն: Մենք հարկադրված ենք տարերայնորեն ոչնչացնել մեր ճամփու վրայեն այն ամենը, ինչ որ արգելք կհանդիսանա մեր ազգային սրբազան իդեալներուն: Եվ հետո դուք միշտ ռուսներուն հետ եք. Դուք անոնց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են: Պատմական թշնամիները»1:

Դեպի Արեւելք այս ճակատագրական ցատկի համար 1918թ. գարնանը 10-միլիոնանոց թուրք ազգը հավաքագրեց 4-ամյա մսաղացից մնացած իր վերջին ուժերը: Բավական է ասել, որ այդ պահին Անդրկովկաս էին ուղարկվել Ստամբուլը պաշտպանող թուրքական 5 դիվիզիաները` սեփական մայրաքաղաքի ապահովությունը թողնելով ժամանակավոր դաշնակից Բուլղարիայի զորքին:

Այսպիսով` 1918թ. Կովկասյան ռազմաճակատում թուրքերն ունեին ընդամենը շուրջ 35 հազար զինվոր, որոնց աջակցում էին տեղական մուսուլման բնակչությունից կազմված անկանոն զինված խմբերը: Կովկասում թուրքական բանակի կորիզը դեռեւս պատերազմի սկզբին Ստամբուլի նեղուցներում բրիտանա-ավստրալիական դեսանտը ջախջախած ընտիր զորամասն էր, որ այդ հաղթանակի պատվին կրում էր «Գալաբոլու» /Դարդանել/ անունը: Արեւելյան ճակատի հրամանատարն էր թուրքական բանակի ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող ֆերիկ` մարշալ` Վեհիբ փաշա Մոհամեդը: Արշավի նշանակությունն ավելի ընդգծելու համար ընդհանուր ռազմավարության մշակումը ստանձնել էր երիտթուրքերի եռապետության անդամ, ռազմական նախարար Էնվերը:

Իսկ ինչպիսի՛ն էին նրանց դիմակայող ուժերը, նախեւառաջ` հայկականը: Մեր թուլության եւ անպաշտպանվածության վտանգավոր առասպելն առաջացավ ավելի ուշ` քողարկելու համար մեր անճարու-թյունն ու անկազմակերպությունը: Պատերազմի եւ ցեղասպանության նախօրեին հայերի թիվն աշխարհում շուրջ 5 միլիոն էր, այդ թվում` 2,5 միլիոնն Օսմանյան կայսրությունում, 1,5 միլիոնը Ռուսաստանում, եւս 1 միլիոնը Միջին Արեւելքի, Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի երկրներում: Հայերն ունեին մի շարք քաղաքական կուսակցություններ, պատգամավորներ` տարբեր պետությունների խորհրդարաններում, հազարավոր եկեղեցիներ, հարյուրավոր բազմալեզու թերթեր ու ամսագրեր, քաղաքական ու ռազմական շատ բարձրաստիճան գործիչներ, միջազգային մակարդակի ֆինանսական ու տնտեսական վիթխարի կարողություն: Բավական է հիշատակել համաշխարհային նավթարտադրության եկամուտների 5 տոկոսի սեփականատեր Գալուստ Գյուլբենկյանի կամ առաջին միջմայրցամաքային Բաքու- Բաթում նավթամուղը կառուցած Լեւոն Մանթաշեւի անունները:

1914 թվականին` առաջին համաշխարհային պատերազմի զորակոչին տարբեր երկրներում ներկայացավ շուրջ 300 000 հայ, ընդ որում միայն Ռուսաստանում` 200 000 զինվոր եւ 2000 սպա: Հետագայում շատ էր ասվում, որ մենք պատրաստ չեղանք դեպքերի զարգացմանը, չէինք սպասում անկախության հնարավորությանը: Բայց չէ՛ որ դեռ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում Շ. Շահամիրյանն արդեն գրում էր ապագա անկախ Հայաստանի սահմանադրությունը, իսկ Իսրայել Օրուց մինչեւ Լորիս-Մելիքով` հայ գործիչները ռուս կայսրերի հետ մշակում էին մեր ինքնավարության նախագծերը: Չէ՛ որ դեռեւս 1914 թ. նոյեմբերին Թիֆլիս ժամանած ռուս արքա Նիկոլայ 2-րդը հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ի հետ քննարկում էր պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանի 6 նահանգների եւ Կիլիկիայի տարածքում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը: Մի՛թե այս ամենից անտեղյակ էին հայ քաղաքական ու կուսակցական գործիչները, մտավորական ու տնտեսական վերնախավը: Եվ կատարվեց այն, ինչը մեր ազգային ու համաշխարհային պատմության մեջ գրանցվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մեր ողբերգությունն սկսվեց ոչ 1915 թվականին եւ միգուցե շարունակվում է առայսօր, քանի որ չեն վերացել մեր մեջ արմատացած հիմնական պատճառները: 1918թ. գարնանը հայությունը պառակտված ու բեւեռացած մի հասարակություն էր` լցված աղքատների ու հարուստների դասակարգային ատելությամբ, սոցիալական անարդարությամբ, ժողովրդի ու ղեկավարների միջեւ աճող օտարությամբ, կաշառակերությամբ ու կոռուպցիայով, կուսակցական գզվռտոցով, քաղաքական մանր նկրտումներով, գաղափարական սնանկությամբ, օլիգարխների նյութապաշտությամբ ու ագահությամբ, մամուլի ու մտավորականների թուլությամբ կամ ծախվածությամբ, բոլոր տեսակի վերնախավերի բացակայությամբ կամ լավագույն դեպքում` ազգի առջեւ ծառացող ահեղ խնդիրներին նրանց բացարձակ անհամապատասխանությամբ: Սարդարապատի թանգարանում հերոսամարտի զենքերի կողքին ցուցադրվում են 20-րդ դարասկզբի ազգային կյանքի ու կենցաղի նմուշները` գութան ու խնոցի, գորգ ու ժանյակ: Դրանց շարքում ես նկատեցի ժողովրդական հին, պարզ ու խորիմաստ մի զվարճանք` կոշկատակերի կտորներից ձեւած-կտրած տիկնիկներ, ստվերների թատրոնի հավերժական հերոսներին` խելոք ու հիմար, աղքատ ու հարուստ: Ի~նչ քիչ են փոխվել մարդիկ, ի~նչ նման են իրար դարաշրջանները: Հատկապես` XX եւ XXI դարասկիզբները: Պատերազմի ու հեղափոխության պատճառով փլուզված Ռուսական կայսրության փոխարեն Կովկասում առաջացավ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին միավորող դաշինք` Անդրկովկասյան սեյմը: Այս տարօրինակ միավորման անբնականությունը գալիս էր նրանից, որ դաշնակից ազգերը գտնվում էին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման միանգամայն տարբեր փուլերում, իսկ նրանց ղեկավարներն ունեին բացարձակապես տարբեր ու իրարամերժ նպատակներ: Վրաստանում հեղափոխությունից հետո իրենց ժողովրդավար հռչակած հին ազնվական ցեղերի ներկայացուցիչներ Ծերեթելին, Չխենկելին, Չխեիձեն, Ժորդանիան, Ռամիշվիլին, Գեորգաձեն, Գեգեչկորին, Դեդերիանին փորձառու ազգային գործիչներ էին, հմուտ ու ճկուն դիվանագետներ, սառն ու ճարպիկ քաղաքագետներ: Սեյմում Ադրբեջանը ներկայացնում էին խոշոր կալվածատերեր Խան-Խոյսկին, Ալի Բեյ Պեպինովը, Թոփչիբաշեւը, որոնք ձգտում էին պահպանել եւ ամրապնդել ֆեոդալական կարգերը: Իսկ հայ քաղաքական միտքը պառակտված էր Բաքվի`մեծամասամբ հայերից կազմված բանվորական դասակարգը ղեկավարող բոլշեւիկների եւ Թիֆլիսի հայ բուրժուաների ու Հայաստանի գյուղացիների վստահությունը վայելող այլ կուսակցությունների, հիմնականում` դաշնակների պատճառով: Սեյմում այս խայտաբղետ միավորումն ավելի անհամադրելի էր դառնում նաեւ մասնակիցների միանգամայն տարբեր արտաքին քաղաքականության պատճառով: Ադրբեջանցիները չէին թաքցնում Թուրքիայի հանդեպ իրենց խոր համակրանքը եւ եռանդով աջակցում էին երիտթուրքերի համաթուրանական ծրագրին: Կովկասում սկսված պատերազմի օրերին նրանք անվերապահորեն կատարում էին Թուրքիայի 5-րդ շարասյան դերը, իսկ ադրբեջանական կանոնավոր զորամասը 1918 թ. ամռանը ողջ կազմով անցավ թուրքերի կողմը:

Վրացիներն իրենց հերթին ազգային դիվանագիտությունը կառուցում էին երկու գործոնների վրա` սեւծովյան նավահանգիստների առկայության եւ Ռուսաստանի ազդեցությունից հօգուտ գերմանա-թուրքական դաշինքի ազատվելու: Կովկասյան ճակատում վրացական բանակը շարունակ փորձում էր չեզոքություն պահպանել: Միակ դեպքը, երբ այդ բանակը դիմեց մարտական լուրջ գործողությունների` 1918 թվականի դեկտեմբերն էր` Առաջին աշխարհամարտի ավարտից մեկ ամիս անց, երբ գեներալ Ծուլուկիձեի 12-հազարանոց զորքը զրահագնացքով ներխուժեց Հայաստան եւ փորձեց Ջավախքից բացի գրավել նաեւ Լոռին, մինչեւ որ Սանահին կայարանում գեներալ Դրաստամատ Կանայանի 6-հազարանոց հայկական կորպուսը կանգնեցրեց գրոհը եւ վրացիներին հետ մղեց մինչեւ Սադախլո կայարան, որտեղով այսօր էլ անցնում է սահմանը:

Իսկ ո՛վ էր ներկայացնում հայ ժողովրդի շահերը Անդրկովկասյան սեյմում եւ Հայոց ազգային խորհրդում: Իմիջայլոց վերջինս հայ-թուրքական ողջ պատերազմի ընթացքում նստում ու գործում էր Թիֆլիսում, իր ազգի եւ բանակի հետ առնչվելով հիմնականում հեռագրերով ու անկայուն հեռախոսակապով:

Պատմաբան Լեոյի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, ինչպես նաեւ նույն այդ ղեկավարների կազմից որոշ անկեղծ մարդկանց բնութագրմամբ` դա վարժապետների ու լրագրողների, միամիտ ու անպատրաստ մարդկանց մի խումբ էր, որոնց մեջ լավագույն դեպքում կային համեստ ու ազնիվ Արամի ու Ռուբենի նման արեւմտահայերի հերոսական ինքնապաշտպանությունը կազմակերպած գործիչներ, բայց ավելի շատ էին նրանց հետ հաշվի չնստող միջակությունները` բժիշկ Զավրիեւի, հրապարակախոսներ Ահարոնյանի ու Խատիսովի, նախկին ճարտարապետ Քաջազնունու, հաշվապահ Կարճիկյանի, Գրուզինյան-Վրացյանի պես:

Դաշնակցական Մինաս Տեր-Մինասյանի` նույն ինքը Ռուբենի հուշերում կարդում ենք.«Ազգերի, այսպես ասած «ալան-թալանի» վայրկյանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունեին ո՛չ Պետերբուրգում եւ ո՛չ էլ Կովկասում մի պաշտոնական անձ, ձեւակերպելու ու ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետեւ Անդրկովկասյան երկրամասում ներկա սահմանային դրությունները հետեւանքն են մեր ցուցադրած ապիկարության ու անկարողության....»2:

Ամենազարհուրելին այն է, որ այս պայմաններում մեր վերնախավը անթաքույց թշնամաբար տրամադրված ազերի ու վրաց «դաշնա-կիցների» տրամադրությանը հանձնեց հայ ժողովրդի փրկության միակ ու ամենաթանկ միջոցը` հայոց բանակը:

Անգամ կոպիտ հաշվարկով հայոց բանակն այդ պահին ուներ 30 հազար զինվոր ու մոտ 1000 սպա եւ Կովկասի զինված ուժերի շարքում ամենապատրաստվածն ու մարտունակն էր: Լեոն գրել է. «Վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի ու հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա: Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրանց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից»3:

Սակայն չնայած դրան կամ միգուցե հենց այդ պատճառով` Անդրկովկասյան սեյմի իրար հաջորդող բոլոր կառավարությունների կազմում վարչապետի, ռազմական նախարարի, արտաքին ու ներքին գործերի ղեկավար պաշտոնները մշտապես ստանձնում էին վրացիները` Գեգեչկորին, ապա Չխենկելին, Գեորգաձեն, Մդիվանին, Օդիշելիձեն: Միաժամանակ ազերիներին տրվում էին կապի, տրանսպորտի ու հաղորդակցության նախարարությունները, մինչդեռ հայերը բավարարվում էին ֆինանսների, պարենի ու խնայողությունների նախարարություններով: Հայ ղեկավարներից Ալեքսանդր Խատիսովն իր հուշերում, արդեն Խատիսյան ազգանունով, խոստովանում է.

«Անդրկովկասյան իշխանության զինվորական ղեկավարությունը հայերի ձեռքը չէր, ուստի այն կծառայեր հակահայկական, այսինքն` ռազմաճակատին հակառակ նպատակների: Որովհետեւ թաթարները պարզապես թուրքերի կողմն էին, իսկ վրացիները` անոնց ուժ կուտային փաստորեն: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ երկաթուղիներն ալ հայերու ձեռքը չէին, այլ թաթարներու ու վրացիներու, որոնք կմերժեին մեզ վագոններ տալ ճակատ զորք փոխադրելու համար»4:

Եվ գանգատվողը տարածաշրջանում ամենամարտունակ զորք ունեցող ազգի ղեկավարն է... Ո՛վ էր մեղավոր այս հանցագործ անհեթեթության համար` թուրքե՛րը, վրացինե՛րը, ազերինե՛րը: Բնավ ո~չ: Նրանք պաշտպանում էին սեփական ազգային ու դասակարգային շահերը եւ ինչպես պարզ դարձավ ընդամենը 1-2 տարի անց` մեզնից շատ ավելի լավ: Մեր դժբախտությունների ու սխալների մեղավորները միայն մենք ենք:

Իսկ կա՛ր արդյոք այլընտրանք այն վտանգավոր ու անհեռատես քաղաքական գծին, որը Թիֆլիսում վարում էր Ազգային խորհուրդը: 1917 թ. դեկտեմբերին հայ քաղաքական գործիչներից Ռուբենը /Մինաս Տեր-Մինասյան/, որ Թիֆլիսում գլխավորում էր հայկական զինված ուժերը եւ Արամ Մանուկյանը, որ Երեւանի նահանգում տնօրինում էր հայոց զորքը, հանդիպումներ ունեցան Ռուսաստանի կողմից Կովկասի արտակարգ կոմիսար նշանակված, Բաքվի Սովետի նախագահ Ստեփան Շահումյանի հետ: Սա պատմական եզակի հնարավորություն էր` միավորելու Կովկասի հայկական զինված ուժերը եւ շուրջ 60-հազարանոց բանակով վերահսկելու ամբողջ տարածաշրջանը` այն փրկելով թուրքական զավթումից եւ ապահովելով Հայաստանի համար առավել նպաստավոր դիրքը հետպատերազմյան տարածքային կարգավորման ժամանակ...

Սակայն դա տեղի չունեցավ: Արամի ու Ռուբենի հորդորները մերժվեցին բյուրոյի մեծամասնության ձայներով: Սիմոն Վրացյանն իր հուշերում դա հաստատում է.

«Կային մարդիկ, որոնք այդ օրերին ցույց էին տալիս Խորհրդային Ռուսաստանի ճամփան, առաջարկելով ձեռք մեկնել բոլշեւիկներին... Այս տրամադրություններին որոշ չափով նպաստում էին եւ Թիֆլիսում ստացվող աղոտ լուրերը, որ իբր թե Լենինն առանձին դեկրետով հայտարարել է Հայաստանի անկախությունը: Սակայն այդ մտքի անհեթեթությունը այնքան էր ակներեւ... Ռուսաստանը շատ էր հեռու, իսկ բոլշեւիկների ուժը` ավելի քան խնդրական...»5:

Հետաքրքիր է, որ ընդամենը 2 տարի անց, երբ Կարմիր բանակը շքերթով մտավ Երեւան, այդ նույն մարդկանց արդեն ոչ Ռուսաստանն էր հեռու թվում, ոչ էլ բոլշեւիկների ուժը` խնդրական: Սակայն այդ երկու տարիները դեռեւս առջեւում էին, իսկ տվյալ պահին հայ վերնախավն ընդունեց ճակատագրական որոշում` ենթարկվել ոչ թե Արամի ու Ռուբենի հորդորներին, այլ վրաց-ադրբեջանական սեյմի որոշմանը, որի խոսնակներ Օնիշվիլին ու Չխեիձեն հայտարարում էին, թե ավելի լավ է ընկնել Թուրքիայի, քան Ռուսաստանի գիրկը:

Ճակատագրի հեգնանքով` այս խոսքերը բառացի կրկնությունն էին 5 դար առաջ Կոստանդնուպոլսի անկման նախօրեին բյուզանդացիների ասածի, թե լավ է խոնարհվել թուրքական չալմայի, քան հռոմեական թագի առջեւ: Հրաժարվելով արեւմտյան օգնությունից ու փոշիացնելով սեփական ուժերը` Բյուզանդիան 1453 թվականին տապալվեց թուրքերից հարվածներից ու անհետացավ աշխարհի երեսից:

Այսպիսին էր իրականությունը, երբ թուրքերը 1918 թ. գարնանը հավաքելով շուրջ 35 հազար մարտունակ զինվոր` շարժվում էին դեպի Կովկաս:

Նապոլեոնյան նվաճումներից մինչեւ հիտլերյան զավթումները` նորագույն պատմությունը չգիտի մեկ այլ դեպք, որ համեմատաբար փոքրաթիվ բանակը 2 ամսվա ընթացքում կարողանա նվաճել շուրջ 200 000 քառակուսի կիլոմետր տարածք` գրավելով մի քանի անառիկ բերդաքաղաք, զինաթափելով կայազորի տասնյակ հազարավոր զինվորներին եւ առգրավելով անթիվ զենք ու մթերք: Ահա այդ ռազմարշավի համառոտ նկարագիրը. 1918 թ. մարտի 12-ին ընկավ Էրզրումը, ապրիլի 5-ին` Սարիղամիշը, ապրիլի 14-ին թուրքերը մտան Բաթում, ապրիլի 25-ին հանձնվեց Կարսը, մայիսի 15-ին հայերը թողեցին Ալեքսանդրապոլը:

Ինչպե՛ս կատարվեց այդ խայտառակությունը: Այս հարցը նույն օրերին տալիս էր դաշնակցական «Աշխատանք» թերթն ու պատասխանում.«Ըսել, որ թշնամին գերազանց ուժն էր, որ մերոնց հարկադրեց քաղաքը թողուլ. - ո՛չ երբեք, որովհետեւ անիկա հազիվ 4 000 հոգի ըլլար, իսկ մեր զինվորներուն թիվը 9-10 000 կհասներ: Ըսել, որ պետք եղած անհրաժեշտ ռազմամթերքը կպակսեր` ամենեւին ոչ, որովհետեւ հոն այնքան ռազմանյութ կար, որ նույնիսկ հսկողության տակ պահել կարելի չէր: Ըսել, որ թշնամիի դիրքերը մերոնցմե ավելի նպաստավոր էին, նույնպես ճիշտ չէ, որովհետեւ մերոնք 500-ե ավելի թնդանոթներով ապահովված բերդերով շրջապատված էին, մինչդեռ թշնամին բաց դաշտին մեջ կկռվեր...»6:

Հայտնի երգիծաբան Լեռ-Կամսարն իր «Ազգային Այբբենարանում» դառը հեգնանքով նկարագրեց Կարին-Էրզրումի անկումը.«Տաճիկի ուժը կբաղկանար 300 զինվորներէ, որոնց կառաջնորդէին նույն թվով շվաքները անոնց առաջնին ընկած: Խորամանկ տաճիկը իր հարձակման ատենները դիտմամբ երեկո էր ընտրեր, երբ շվաքները երկար կըլլան ու ահարկու: Երբ Տաճիկը Կարնո պատին մոտեցավ, 600 թնդանոթները մեկեն... լռեցին: Կռվին հաջողությունը մեր կողմն էր դարձել, երբ արեւի տաք ժամանակ հանկարծ մեր զորաց շվաքները դավաճանությամբ կռվողներու ետեւեն անցան: Այս դեպքը լքում առաջացուց մերիններուն մեջ եւ զորքը կռնակ դարձնելով փախավ: Տաճիկը մեր թնդանոթներու տեղատարափ լռության տակ քաղաք մտավ...»7:

Իհարկե, արցունքները թաքցնող այս ծիծաղն ուռճացնում էր իրողությունը, բայց ոչ անճանաչելիության աստիճան: Գրեթե նույն պատկերը կրկնվեց 20 օր անց Սարիղամիշում, իսկ 40 օր անց` Կարսում:

Իսկ այլ կերպ ինչպե՛ս եւ ինչո՛ւ պետք է լիներ, եթե հայոց հազարամյա Կարին-Էրզրում ու Կարս բերդաքաղաքների ռազմական ղեկավարությունն ու պաշտպանությունը Հայոց ազգային խորհուրդը վստահեց ու հանձնեց օտարներին` Էրզրումի քաղաքապետ մենշեւիկ Ստավրոնսկուն, փոխքաղաքապետ մուսավաթական Ալի Բեյ Պեպինովին, կայազորի պարետ գեներալ Օդիշելիձեին եւ հրետանու հրամանատար շտաբս-կապիտան Տվերդոխլեբովին: Ոչ, մեկ հայ էլ կար` քաղաքի միլպետ Արմենակ Միրոյանը, որն աչքի ընկավ բերդի զենքն ու պարենը ամիսներ շարունակ վաճառելով շրջակա գյուղերի մուսուլմաններին: Իհարկե, կային հայ գործիչներ, որ անգամ այդ պայմաններում փորձում էին պաշտպանել Հայրենիքը: Այդպիսին էին հայդուկային ջոկատների հրամատարներ Սեբաստացի Մուրադն ու Սեպուհը, որոնք պաշարման նախօրեին առաջարկեցին գիշերային հարձակում կազմակերպել թուրքերի թիկունքի վրա` համակարգելով այն բերդի մարտկոցների կրակի հետ: Սակայն Սարիղամիշի գծի հրամանատար գեներալ Արեշյանն առաջարկը համարեց «անիրական», իսկ հերոս պարտիզանների ջոկատները` «անվստահելի ու անկանոն» խմբավորումներ... Զայրացած Սեպուհն ու Մուրադը իրենց ձիավորներով հեռացան:

Այլ օրինակ. զորավար Թորգոմը դեռեւս հունվարի 25-ին տեսնելով Էրզրումի ղեկավարության հայատյաց ու դավաճանական կեցվածքը` ըմբոստացավ ու քաղաքում հռչակեց հայկական անկախություն եւ ինքնավարություն: Նրան ձերբակալեցին եւ ուղարկեցին Թիֆլիս, որտեղ Հայոց ազգային խորհուրդը չհամաձայնեցված անկախություն հռչակելու համար զրկեց նրան գնդապետի ուսադիրներից եւ կոչումն իջեցրեց մինչեւ տասնապետ:

Ամոթալի կերպով հանձնվեց եւ Կարսի բերդը: Թուրքերի միակ լուրջ գրոհը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որը հաջողությամբ հետ մղեց Թիֆլիսի դպրոցների շրջանավարտներից կազմված եւ ռուս գեներալ Դեեւի հրամանատարության տակ գործող հայկական հրետանին: Թուրքերը նահանջեցին` հարյուրավոր դիակներ թողնելով Հարամ-Վարդան կոչվող մարտկոցի դիմաց: Սակայն մյուս առավոտ, ապրիլի 25-ին, Անդրկովկասյան կառավարության նախագահ Ակակի Չխենկելին Կարսի պաշտպանության հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկովին հեռագրով կարգադրեց անառիկ բերդաքաղաքը հանձնել թուրքերին: Եվ Նազարբեկովը, չնայաց հերոսական ու հաջող դիմադրությանը, հրամայում է հանձնել Կարսը` հիմք ընդունելով ընդամենը մի հեռագիր... Աննախադեպ դեպք` պատմության մեջ:

Ինչպես հետո գրեց Սիմոն Վրացյանը`.«Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելու արած քայլերի մասին: Եվ, ինչ որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական կապն էլ հայկական զորքի եւ Հայոց խորհրդի միջեւ կտրված էր, եւ Թիֆլիսում մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում հայկական ռազմաճակատում...»8:

Այս խայտառակությունը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ առաջացրեց: Թիֆլիսում հայ նախարարներն ի նշան բողոքի անգամ հրաժարական ներկայացրին, եւ վարչապետ Չխենկելին այնքան ցնվեց նրանց սկզբունքայնությունից, որ ինքն էլ պատրաստակամություն հայտնեց թողնել իր պաշտոնը ու այն առաջարկեց հայ գործիչներից մեկին, օրինակ` ընկեր Քաջազնունուն: Վրացյանը գրեց, որ հայերը, բնականաբար, հրաժարվեցին: Ճիշտն ասած` մեզ համար այսօր դժվար է հասկանալ` ինչո՛ւ հրաժարվեցին հայերը եւ, հատկապես` ինչո՛ւ բնականաբար: Ինչեւէ` Չխենկելին մնաց վարչապետ, երեք հայ նախարարները հետ վերցրին իրենց դիմումները` մնալով վրացա-ադրբեջանա-հայ կառավարության կազմում, Կարսն էլ մնաց թուրքերին... Իսկ 20 օր անց հանձնվեց նաեւ Ալեքսանդրապոլը:

Վերջինիս անկումը, թերեւս, վերոնշյալ բոլոր պարտությունների ու դավաճանությունների խայտառակ շղթայի «պսակն» է:

Կարսի գրավումից հետո թուրքերը տիրացան երկաթուղային հանգույցին, որից ուղիղ ու հուսալի ճամփաներ էին բացվում բոլոր ուղություններով` հյուսիսով դեպի Թիֆլիս, հարավով` դեպի Երեւան ու Թավրիզ /Արաքսի հովտով/, արեւելքով` դեպի Գանձակ ու Բաքու:

1918 թ. մայիսի 13-ին Բաթումի բանակցություններում թուրքերը պահանջեցին իրենց տրամադրել Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը:

Թուրքերից, վրացիներից, ադրբեջանցիներից բազմիցս խաբված, բայց այդպես էլ ոչինչ չսովորած հայ դիվանագետները Բաթումից գրում էին Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին: Քաջազնունի.«...Իմ մեջ /կարծեմ նաեւ Խատիսովի մեջ/ այն համոզմունքը գոյացավ, որ թուրքերն այս անգամ չեն ստում, որ նրանց իսկապես որ խիստ անհրաժեշտ է անցնել Թավրիզ, եւ որ տվյալ, համենայն դեպս, պահին նրանք ուրիշ նկատառումներ ու դիտավորություններ չունեն...»9:

O Sancta Simplicita! սուրբ միամտություն, հիմարության հոմանիշ... Ընդամենը երկու շաբաթ անց Բաթումի բանակցություններում թուրք պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշան կուշտ անկեղծության պահին խելք է սովորեցնում նույն Խատիսովին.«Ճակատագիրը կը քշե Թուրքիան արեւելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաեւ Ափրիկայեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքը եւ լեզուն: Եվ ասիկա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքեստան եւ Ադրպեճան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք` հայերըդ կանգնած եք մեր այդ ճամփուն վրա: Պահանջելով Վանը` դուք կը փակեք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը եւ երթալու Բաքու: Կարսն ու Ախալքալակը կը փակեն մեր ճամփան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվեք եւ մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը... »10:

Այսպես` Սարդարապատի ճակատամարտից յոթ օր առաջ, մայիսի 15-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Կարսը հանձնած եւ Ալեքսանդրապոլը պաշտպանող նույն գեներալ Նազարբեկովին, ընդ որում` խորամանկորեն գրված պարսկերեն: Նազարբեկովը, որը հայերեն անգամ չգիտեր, Ալեքսանդրապոլի բերդի պարետ գնդապետ Յանկեւսկուն հանձնարարում է այն թարգմանել: Նա շտաբում պարսկերեն իմացող ոչ մի հայ սպա չի գտնում, քանի որ Զատիկի կապակցությամբ հրամանատարությունը նրանց բաց էր թողել քաղաք` տոնն ընտանիքների հետ անցկացնելու: Հիշեցնենք, որ թուրքերը 20 օր պաշարել էին Ալեքսանդրապոլը եւ արդեն քաղաքից հրացանի կրակոցի հեռավորության վրա էին: Սակայն ողբերգական անեկդոտը նոր է սկսվում: Կատարելով հրամանատարի առաջադրանքը` քաջ պարետը ավելի խելացի բան չի գտնում, քան թուրքերի մոտ գնալը, որպեսզի հենց նրանք էլ թարգմանեն սեփական վերջնագիրը: Տեսնելով պաշարված բերդի` սպիտակ դրոշով մոտեցող պարետին, թուրքերն անմիջապես հարձակվում են անպաշտպան մնացած քաղաքի վրա: Գեներալ Նազարբեկովը իր հրամանատարական «Մերսեդեսով» /ինչպես տեսնում ենք` գեներալների ճաշակը չի փոխվում/, փախուստի է դիմում դեպի Ջաջուռ կայարան, սակայն փախչող ժողովրդի պատճառով խցանման մեջ է ընկնում եւ ռուսերեն պահանջում ճանապարհը զիջել իրեն` գեներալ Նազարբեկովին: Լսելով նրա անունն ու կոչումը` մի անհայտ գյումրեցի նույնպես կիսառուսերեն սրամտում է. «Տո դու ի՛նչ գեներալ քաջ Նազար բեգով, դու գեներալ Նազադ բեգոմն էս»: Այս բառերն առանց թարգմանչի հասկանալով` հրամանատարն ամոթից հետ է դարձնում մեքենան ու վերադառնում քաղաք` կարգավորելու զորքի նահանջը:

Վերջին բերդաքաղաքի անփառունակ անկումը վերջնականապես կազմալուծեց հայոց քաղաքական ու զինվորական ղեկավարությունը11:

Սակայն հենց այդ փակուղային ու անելանելի թվացող իրավիճակը Հայաստանում զարմանալիորեն ստեղծեց միանգամայն նոր կացություն: Կորցնելով արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապը, հետեւաբար նաեւ Թիֆլիսում լռված իր տխրահռչակ ղեկավարների հետ, հայ ժողովուրդն սկսեց գործել ինքնուրույն, ապավինելով միայն սեփական ուժերին: Հենց դա էլ դարձավ ազգային փրկության գլխավոր խթանը:

1918 թ. մայիսի 19-ին թուրք պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են եւ պետք է ենթարկվեն»: Նույն օրը հայ պատվիրակներ Խատիսյանն ու Քաջազնունին հեռագրեցին Թիֆլիս` «Ազգային խորհրդին խորհուրդ տալով ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»12:

Իր հերթին, Երեւանի քաղաքային խորհուրդն ընդունեց քաղաքագլուխ Թուշյանի առաջարկը` Երեւանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմածությանը:

Մայիսի 20-ին Երեւանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի մոտ եւ առաջարկեց իր օգնությունը` Մայր Աթոռը Սեւանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:

Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի արագությամբ տարածվեց բնակչության մեջ եւ նրա խիզախ կեցվածքը խոր տպավորություն գործեց զորքի ու ողջ ազգի վրա:

Փաստորեն գլխատված երկրում, ուր կառավարիչները ծառից պոկված տերեւի պես քարշ էին գալիս Թիֆլիսում, ուր գլխավոր հրամանատարը զորքի մեծ մասի հետ պատսպարվել էր Դիլիջանի անտառներում, որի մայրաքաղաքը պատրաստվում էր հանձնվել, միակ ձայնը, որ ժողովրդին կոչ արեց կռվել թշնամու դեմ` եկեղեցունն էր: Եվ այդ ձայնը հնչեց ոչ միայն վերացական, բանաստեղծական իմաստով: Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գեւորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչեւ մայիսի 29-ը:

451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար: Բայց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով:

Կուսակցական ու քաղաքական դատարկախոսների բացակայության ու դասալքության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադեւոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:

Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին եւ Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պողոսբեկ

Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը /հիմնականում կազմված ղարաբաղցիներից/ եւ կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը` 10 թնդանոթով: Երկու եկեղեցականներն օրհնեցին զինվորներին եւ հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին` զորամասը վերանվանեցին Մահապարտների գունդ: Ապա խաչերը բարձր պահած` նրանք զորքն առաջնորդեցին դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

Ցերեկվա ժամը ուղիղ 12-ին կապիտան Իգիթխանյանի մարտկոցը կրակի տակ է առնում Ղամշլու /Արաքս/ կիսակայարանը եւ Կուլիբեյլի գյուղի տարածքում պատսպարված թուրքական զորքերը: Մահապարտների գունդը գրոհի է անցնում` բարձրաձայն երգելով «Գացողը ետ չեկավ, Բայբուրդ» կոտորածի ժամանակ տարածում գտած երգը: Աջ թեւից նրան միացավ Աղթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը` կազմավորված ճեմարանի 500 սաներից, որոնք մարտի դաշտ եկան իրենց պատանքներով, նրանք նման էին խաչակիր ասպետներին: Նրանց մեջ կային հմուտ նշանաձիգներ, որոնք դիպուկ կրակոցներն այդ օրն ուղեկցում էին «Անտեր մնար Հասան լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն » երգով: Կարելի է պատկերացնել, թե թուրքերի վրա ինչ տպավորություն էին թողնում զանգերի անդադար ղողանջների ներքո հարյուրավոր ձայներով երգող մահապարտների ու միաբանների սեւ շղթաները, որ մահաբեր կրակի տակ նորից ու նորից անցնում էին գրոհի:

Համարյա տարերայնորեն սկսված կռվի ղեկավարությունն ստանձնեց մարտի դաշտում կռվող հայ սպաներից ամենաբարձր զինվորական կոչում ունեցող գնդապետ Դանիելբեկ Փիրումյանը: Կռվի թեժ պահին նա հանկարծ հագի մոխրագույն զինվորական շինելը շուռ տվեց ու հագավ կարմիր աստառը դեպի դուրս եւ այսպես ոգեւորելով զինվորներին` անձամբ առաջ տարավ հարձակվող զորքը:

Սարդարապատի դաշտում այդ օրերին կարծես ներկայացված լինեին հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը: Ապագա գրող Ակսել Բակունցը եւ ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ապագա ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանն ու Գրիգոր Ղափանցյանը: Մարտի դաշտում ուսուսի կռվում էին դաշնակներն ու բոլշեւիկները, հնչակյաններն ու ռամկավարները, հոգեւորականներն ու անգրագետ գյուղացիները: Սարդարապատում հայոց զորքը բաղկացած էր նաեւ Հայաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչներից: Իրենց անսահման քաջությունը դրսեւորեցին Ջհանգիր աղայի ղեկավարած եզդի հեծյալները, հույն կապիտան Սակելյարիի եւ ռուս կապիտան Կլիչի հրետանային մարտկոցներն ու գնդացրային գումարտակները, գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը եւ փոխգնդապետ Կորոլկովի հեծյալ կազակները, գերմանացի Ալեքս Շնեուրը` ահա Սարդարապատի մեր մարտական եղբայրների ոչ ամբողջ ցանկը:

Իսկ այդ նույն պահին` ճակատամարտի սկզբից մի քանի ժամ անց, Երեւանում հավաքված ղեկավարությունը դեռեւս քննարկում էր թշնամուն դիմադրելու նպատակահարմարության հարցը: Այդ մասին վկայում է Երեւանի ազգային խորհրդի նախագահ Ա.Շահխաթունին, իր հուշերում արձանագրելով, որ հավաքն անցնում էր Սարդարապատից լսվող թնդանոթների որոտի եւ եկեղեցիների զանգերի ձայնի ներքո.«Վերջապես հավաքվեցինք: Երկու վարկյան հետո եկավ սպարապետ Նազարբեգյանը: Ներկա էր նաեւ գծից մասնավորապես եկած զորավար Սիլիկյանը: Երկու հարց կար` առաջինը նահանջել ու լքել Երեւանը..., երկրորդը` դիմել ամեն միջոցի, որպեսզի թույլ չտրվի տաճիկներին մտնելու Երեւան ու Էջմիածին»13:

Հիշենք, որ ղեկավարների նիստը կայանում էր մայիսի 22-ին, ճակատամարտի ընթացքում, երբ ժողովուրդն արդեն կայացրել էր մարտնչելու իր որոշումը, որից այդքան խուսափում էին պաշտոնյաները: Վրացյանը լրացնում է պատկերը.«Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Հաղթության վստահություն չէին ներշնչում եւ մինչեւ այդ բանակից հասնող տեղեկությունները: Հոռետես զորավար Սիլիկյանի հաղորդագրությունները մռայլ գույներով էին ներկայացնում զորամասերի դիմադրական կարողությունները...»14:

Սակայն առանձնասենյակներից վերադառնանք մարտի դաշտ: Օրվա երկրորդ կեսին հասնում են փոխգնդապետ Կարաքեշիշյանի եւ կապիտան Կլիչի մարտկոցները` իրենց 28 թնդանոթներով, որոնք մահաբեր կրակ են բացում Սարդարապատ կայարանում դիրքավորված թուրքերի հիմնական ուժերի վրա: Ռումբերից մեկը պայթեցնում է կայարանի ջրհան աշտարակը եւ ջրից զրված թուրքերը փորձում են տեղափոխվել ավելի բարենպաստ դիրքեր, սակայն ընկնում են Տաճատ Հովակիմյանի եւ Թեւիկ Առաքելյանի գնդացրային վաշտերի հնձիչ կրակահերթերի տակ: Քիչ անց գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը երկաթգիծը հարավից շրջանցելով` անսպասելիորեն ներխուժում է կայարանի եւ գյուղի տարածք, իսկ Մահապարտների գունդը ճակատային հարձակում է սկսում թշնամու վրա:

Թուրքերը խուճապահար նահանջում են Ալեքսանդրապոլի ուղղությամբ եւ մինչեւ կեսգիշեր Սարդարապատից հեռանում շուրջ 20 կիլոմետր: Մարտի դաշտում մնում է 3500 ասկյարի դիակ, հիմնականում էլիտար համարվող «Գալիբոլու» դիվիզիայից, որը 3 տարի առաջ Դարդանելում ջախջախել էր բրիտանա-ավստրալիական դեսանտը, իսկ այդ օրը մահկանացուն կնքեց Սարդարապատում: Այդ օրը թուրքերի կորուստներն ավելի մեծ էին, քան նախորդ երեք ամսվա ընթացքում, երբ Էրզրումից մինչեւ Բաթում անցան զինվորական շքերթով: Հեշտությամբ նվաճած հզոր բերդաքաղաքներից հետո փոքրիկ կիսակայարանում կրած պարտությունը թուրքերի համար միանգամայն անսպասելի էր եւ նրանց ստիպեց կտրուկ փոխել ռազմարշավի մարտավարությունը: Եթե մինչ այդ նրանց կովկասյան բանակը բաժանված էր երեք մասի, որից մեկը հյուսիսով մոտենում էր Թիֆլիսին, մյուսը Գանձակով շարժվում դեպի Բաքու, իսկ երրորդը Երեւանով պատրաստվում հասնել Թավրիզ, ապա Սարդարապատի ճակատամարտը խառնեց այդ հսկայական ծրագրերը: Փաստորեն, այս աննշան երկաթուղային կիսակայարանը ճակատագրական կանգառ դարձավ երիտթուրքերի ողջ արեւելյան քաղաքականության ու գաղափարախոսության ճանապարհին: Հանդիպելով թվացյալ թիկունքում հայերի կատաղի դիմադրությանը` Վեհիբ փաշան հրամայեց դեպի Թիֆլիս շարժվող Ջավիդ փաշայի զորքին անմիջապես հետ դառնալ Հայաստան, իսկ Քյազիմ Ղարաբեկիրի եւ Հիլկի փաշայի բանակին` ընդհատել երթը դեպի Բաքու: Այսպիսով` փոքր ու անհայտ Սարդարապատը թուրքական ներխուժումից փրկեց ոչ միայն Երեւանն ու Էջմիածինը, այլեւ Թիֆլիսն ու Թավրիզը եւ զգալիորեն օգնեց Բաքվին, ուր հետագայում թուրքերը կարողացան ուղարկել ընդամենը մեկ դիվիզիա: Սակայն փրկագինը չափազանց բարձր էր, եւ այն կրկին պետք է վճարեին հայերը:

Պարտությունից կատաղած Էնվերը Վեհիբին փոխարինում է Խալիլ փաշայով, եւ թուրք նոր հրամանատարը ողջ զորքը շրջում է Հայաստանի դեմ` կազմելով 200-կիլոմետրանոց ընդհանուր ռազմաճակատ, որտեղ Սարդարապատը հայտնվում է ձախ թեւում, աջ կողմից մնում է Ղարաքիլիսան, իսկ կենտրոնը դառնում է Բաշ-Ապարանը: Մայիսի 24-ն մարտերը վերսկսվել էին բոլոր ուղություններով:

Բայց առաջին հաղթանակից անցած ժամերը հայ ժողովրդի գիտակցության մեջ փոխել էին պայքարի ոգին: Թշնամու հետ մենմենակ մնացած եւ իր ուժին ապավինած ազգը սկսեց ժողովրդական պատերազմը: Արդեն 22-ի երեկոյան, երբ թշնամու նահանջի լուրը հասավ Երեւան, քաղաքի բնակչությունն ինքնաբերաբար ոտքի ելավ, անմիջապես սկսեց երկաթուղային կայարանում հաց, ջուր, շաքար, ծխախոտ հավաքել` Սարդարապատ ուղարկելու համար: Այս աշխատանքը գլխավորեցին վանեցի կանայք, ովքեր ինքնապաշտպանության մեծ փորձ ունեին եւ նրանց շնորհիվ առաջին օգնության գնացքն ազատագրված Սարդարապատ հասավ արդեն մայիսի 22-ի երեկոյան: Իսկ Երեւանի Անգլիական այգում ողջ գիշեր մոմերի լույսի տակ կամավորները ցուցակագրվում էին, բանակ, վաշտեր ու գումարտակներ էին կազմվում, որպեսզի մյուս առավոտյան մեկնեն ռազմաճակատ:

Մայիսի 23-ին թուրքերի հակահարվածն իր վրա ընդունեց Բաշ-Ապարանը: Ճակատի այս հատվածում կանոնավոր հայ զորքեր չկային, ողջ դիմադրությունն իրագործվում էր ապարանցի կամավորների, Էջմիածնի աշխարհազորայինների եւ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ տեղ հասած դաշնակցական ջոկատների շնորհիվ: Ճկունությամբ օգտվելով իրավիճակի փոփոխությունից` Սարդարապատից նույն օրը Ապարան եկան Կորոլկովի պարտիզանական հեծյալ գունդը եւ կապիտան Սակելյարիի հրետանային մարտկոցը: Բացի դրանից` Գարեգին Նժդեհի եւ Դրոյի ջանքերով Բաշ-Ապարանի կռվին մասնակցեցին նաեւ Արագածի գյուղերից հավաքված շուրջ 1500 հեծյալ եզդիները` Ջհանգիր Աղայի եւ Ուսուբ Բեյի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ ճակատի կենտրոնական մասում 5500 մարտիկ ունեցող հայոց զորքը եռօրյա դաժան կռվով Շեւքի փաշայի թուրքական բանակը հետ է շպրտել Արագածոտնի շրջանից:

Մայիսի 24-ին Վրաստանի ու Ադրբեջանի ուղղություններից հավաքված թուրքական պահեստային զորքերը Սարդարապատի վրա նոր հակագրոհ ձեռնարկեցին: Հայերը պատասխանեցին Աթանեսյանի, Իգիթխանյանի, Կարաքեշիշյանի ու Կլիչի մարտկոցների համատեղ կրակով եւ կանգնեցրին հարձակումը: Երկօրյա հրետանային փոխհրաձգությունից հետո գնդապետ Պողոսբեկ Փիրումյանը Մահապարտների գնդով ճակատային գրոհ է սկսում թուրքերի դեմ, իսկ փոխգնդապետ Ղասաբբաշյանի գումարտակը թիկունքից մոտենում է թշնամու դիրքերին` հնչակյան հայդուկ Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի եւ Կոշ գյուղի կամավորների հետ: Թակարդում հայտնված թուրքերը մայիսի 27-ի ցերեկվա ժամը 2-ին դիմեցին փախուստի` մարտի դաշտում թողնելով հարյուրավոր սպանվածներ:

Այլ պատկեր էր Ղարաքիլիսայում: Այստեղ ունենալով համեմատաբար ամենախոշոր եւ կանոնավոր հայկական զորամասերը` մոտ 15 հազար զինվոր, այսինքն համարյա երեք անգամ շատ, քան Սարդարապատում եւ Ապարանում, մեր տխրահռչակ գլխավոր հրամանատար Նազարբեկովը կարողացավ այնպես տրոհել ու փոշիացնել իր ուժերը, որ օրինակ Անդրանիկն իր 5 հազարանոց զորքով ամբողջ մարտի ժամանակ երկուսուկես օր անշարժ մնաց Դսեղ գյուղում, կատարելով Նազարբեկովի` դատարկ երկաթգիծը հսկելու անիմաստ հրամանը15: Ռազմավարական աններելի սխալ կատարելով` հրամանատարությունը մեր բանակի խոշոր զորամիավորումները խցկեց երկաթուղու նեղ կիրճը, որտեղ նրանք անպաշտպան թիրախ դարձան բարձունքից կրակող թուրքական գնդացիրների համար եւ ծանր կորուստներ կրեցին: Ճակատամարտի ականատես Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը հետագայում գրեց.«Եթե Ղարաքիլիսայի պատերազմը, հակառակ հայ զինվորի անվեհեր քաջության, այնքան անփառունակ վերջացավ, դրա մեղքը ընկնում է միմիայն ապաշնորհ ղեկավարների վրա»16:

Ինչո՛ւ Սարդարապատում եւ Ապարանում փոքրաթիվ հայ աշխարհազորը փայլուն հաղթանակներ տարավ` կռվելով առանց արհեստավարժ զինվորական հրամանատարների, մինչդեռ Ղարաքիլիսայում ծանր պարտություն կրեց բոլոր ղեկավարների ներկայությամբ: Իհարկե` պատճառները տարբեր են ու ոչ միանշանակ: Սարդարապատում ժողովուրդը կրծքով պաշտպանեց իր հոգեւոր կենտրոնը` Էջմիածինը: Ապարանում կռվի ելավ ամբողջ շրջանի բնակչությունը, մինչդեռ ղարաքիլիսացիները ոչ միայն նախապես հանձնվելու առաջարկով պատվիրակություն ուղարկեցին Ջավիդ փաշային, այլեւ թուրքերին սիրաշահելու համար դավաճանաբար ազատ արձակեցին Սարիղամիշում ապրիլին գերի վերցրած եւ քաղաքում պահվող 2000 ասկյարներին, որոնք մյուս օրը համալրեցին թուրքական բանակը: Սակայն գլխավոր պատճառն ավելի խոր է ու բարդ: Զարմանալիորեն` հաղթանակները գրանցվում էին հենց այնտեղ եւ այնժամ, ուր չկար քաղաքական ու ռազմական ղեկավարությունը եւ ժողովուրդը իր ձեռքն էր վերցնում ինքնապաշտպանության գործը: Սարդարապատի դաշտում մարտիկների ճնշող մեծամասնությունը կազմում էին կամավորական ջոկատները, պարտիզաններն ու աշխարհազորը: Ապարանում կանոնավոր հայ զորամասեր ընդհանրապես չկային` բացառությամբ հրետանու երկու մարտկոցի: Երկու դեպքում էլ հրամանատարությունն ստանձնեցին ինքնաբերաբար պատասխանատվությունն իրենց վրա վերցրած Դանիելբեկ Փիրումյանը եւ Դրաստամատ Կանայանը: Մինչդեռ Ղարաքիլիսայի մարտերում աշխարհազորը կանոնավոր բանակի շարքերում հազիվ 10 տոկոսն էր կազմում, իսկ ժողովրդական սերն ու վստահությունը վայելող Անդրանիկն ու Նժդեհը զինվորական կարգապահությամբ հնազանդվեցին գլխավոր շտաբի եւ զորավար Նազարբեկովի ապիկար ու ապաշնորհ հրամաններին: Բայց մի՛թե ցարական Ռուսաստանի ռազմական դպրոցն ու պատերազմ անցած գեներալներ Նազարբեկովը, Սիլիկովը եւ դրանց նմանները անհույս հիմարներ կամ դավաճաններ էին: Բնավ` ոչ: Նազարբեկովը ռուսական բանակի կազմում գլխավորել էր 1916 թ. Բիթլիսի ազատագրումը, Սիլիկովը խիզախ գործեց Սարդարապատի մարտի վերջին օրերին: Սակայն այս եւ մյուս հայ ղեկավարները չհասկացան պարզ ու կարեւոր մի բան, որն իմիջիայլոց` շատ լավ ըմբռնեցին թուրքերը: 1918 թ. մայիսի 22-ին հայ ժողովուրդը թշնամու դեմ սկսեց ազգային-ազատագրական պայքար, պարտիզանական, համաժողովրդական պատերազմ, որն ունի իրեն հատուկ օրենքներն ու տրամաբանությունը, սակայն որին ոչ պատրաստ էին, ոչ հասկանում էին, ոչ էլ վստահում էին հայ կուսակցական ու ռազմական թշվառ գործիչները, ովքեր կարծես ճակատագրի հեգնանքով հեծել էին ազգը` ինչպես պատահաբար վագրի վրա ընկած Քաջ Նազարը: Այսպես, չհասկանալով ու չհավատալով ժողովրդական պատերազմի հաղթական տարերքին` Հովհաննես Քաջազնունին հեռավոր Թիֆլիսում համոզում էր Հայոց ազգային խորհրդին.«Եթե Վեհիբ փաշան իր զորքերով Երեւանը գրավելու դիտավորություն ունենար, ապա նա հարկ չէր ունենա դիմելու որեւէ խաբեության, որովհետեւ նա այդ բանը կարող էր անել բացեիբաց, ամեն րոպե, երկյուղ չկրելով հանդիպելու որեւէ լուրջ դիմադրության»17:

Բազմիցս խաբված լինելով բոլորից` Բաթումի բախտորոշ բանակցություններում հայ պատվիրակը, իհարկե, նորից խաբվել էր: Բազմափորձ ու խելացի Վեհիբ փաշան Ալեքսանդրապոլից Բաթում մեկնեց արդեն մայիսի 27-ին, այսինքն Սարդարապատում կրած պարտությունից անմիջապես հետո, որպեսզի շտապ սկսի խաղաղ բանակցությունները: Ի տարբերություն հայ ապաշնորհ դիվանագետների` թուրք գործիչը հասկացել էր, որ իր զորքը Հայաստանում հանդիպել էր ցանկացած բանակի համար ամենավտանգավոր հակառակորդին` պարտիզանական, համազգային, ժողովրդական պատերազմին: Ու մինչ հայոց աշխարհազորը մեկ օրում ոչնչացրեց թուրքերի լավագույն դիվիզիայի 3500 ասկյարներին` մեր թշվառ ղեկավարությունը կասկածում էր` արդյոք Վեհիբ փաշան կհանդիպեր «որեւէ լուրջ դիմադրության»: Կարող է անհավանական թվալ, բայց Թիֆլիսում ու Բաթումում մեր ազգի ճակատագիրը որոշող հայ գործիչները անգամ երկու շաբաթ անց դեռեւս գաղափար չունեին Սարդարապատի ու Ապարանի մարտերի մասին եւ սեփական ժողովրդի հաղթանակի կցկտուր լուրը ստացան հենց ... թուրքերից18: Մեջբերենք հունիսի 5-ի նամակը, որ Բաթումից Երեւանի ազգային խորհրդին էին ուղարկել Ավետիս Ահարոնյանը եւ Նիկոլ Աղբալյանը.«Ձեր մղած մարտերի մասին իմացանք Վեհիբ փաշայից, չգիտենք, թե որքան են հավաստի նրա տված տեղեկությունները: Համենայն դեպս, մեր թեկուզ եւ փոքր ու թշվառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի ու Ադրբեջանի մեջ...Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել Հայաստանը»19:

Եզրակացությունն արդարացի է, սակայն մի կարեւոր ճշտումով. Փոքր ու թշվառ Հայաստանը դարձրին հենց իրենք` այդ փոքր ու թշվառ քաղաքական խամաճիկները, որ հեռագրերի հիման վրա հանձնում էին ամրոցները եւ թշնամուց էին տեղեկանում սեփական զորքի հաղթանակների մասին: Բանն այն է, որ Վեհիբ փաշան գիտեր մի ահավոր գաղտնիք, որից անտեղյակ էին ու որին չէին հավատում մեր ստրկամիտ քաղաքական գործիչները. մայիսի 22 - 29-ը Հայաստանում տեւած ծանրագույն մարտերից հետո Կովկասում մնացել էր ընդամենը 12 հազարանոց թուրքական կաթվածահար մի զորախումբ, որի չնչին թվաքանակն ու թշվառ վիճակը նրանք շտապում էին թաքցնել հմուտ եւ հին դիվանագիտական միջոցներով: Թուրքերը Բաթումում վարվում էին հայ պատվիրակության հետ գայլի ու ոչխարների մասին մանկական հեքիաթներից հայտնի եղանակով: Սակայն մեր կարկառուն գործիչները կարծես տեղյակ չէին ոչ միայն աշխարհի պատմությանը կամ դիվանագիտությանը, այլեւ մանկական հեքիաթներին: Ահա հատված հունիսի 5-ին Բաթումից Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին ուղղված մեր հիմնական պատվիրակ Ալեքսանդր Խատիսյանի նամակից, որտեղ նա նկարագրում է հայ-թուրքական բանակցությունները Հայաստանի ճակատագրի մասին.«Ճաշը շատ ճոխ էր, սեղանը զարդարված էր ծաղիկներով, գինին առատ էր, երաժշտությունը` քաղցր: Ճաշի ժամանակ Վեհիբ փաշան ակնարկեց, որ իրենք սիրով ռազմական դաշինք կկնքեն հայերի հետ, ինչպես այդ արել են բուլղարների հետ»20:

Ահա~ թե ինչ` ցեղասպանության զոհերի արյունը դեռ չի ցամաքել Դեր-Զորի ավազուտներում, իսկ ճոխ ճաշն ու քաղցր գինին դահիճներին արդեն մեզ դաշնակի՛ց են դարձնում... Նույն նողկալի քաղքենիությամբ մեր պատվիրակը նկարագրում է իր հանդիպումը հրեշավոր Էնվեր փաշայի հետ: Մեջբերում. «Էնվերը զարմանալի գեղեցիկ կահավորություն ունի, Արեւելյան ճաշակով դահլիճ/»Կարմեն»/, մոմեր...»21:

Եվ այս ողորմելիներին վստահված էր մեր հերոսական ու դժբախտ ազգի ճակատագիրը... Իսկ մինչ հայոց պատվիրակությունը Բաթումում ուսումնասիրում էր թուրքերի ճաշատեսակներն ու կահույքը, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում վրացիները գաղտնի բանակցում էին Գերմանիայի, իսկ ադրբեջանցիները Թուրքիայի հետ` Կովկասի ապագա բաժանման մասին: Մայիսի 26-ին Վրաստանը Գերմանիայի հովանավորության տակ հռչակեց իր անկախությունը: 27-ին Անդրկովկասյան միությունից դուրս գալու եւ սեփական երկիր ստեղծելու մասին հայտնեցին նաեւ մուսավաթականները: Իսկ ի՛նչ արեց Հայոց ազգային խորհուրդը, որը Թիֆլիսում նստած` չգիտեր նախորդ օրերին բռնկված ժողովրդական պատերազմի մասին: Բուռն վեճերից հետո, ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ազգային խորհուրդը, չգիտես ինչու, հարկ համարեց... բողոքել Վրաստանի անկախության դեմ22: Ահա մեր քաղաքական մտքի եւս մի գլուխգործոց: Բայց սա դեռ բավական չէ, ողջ իրողությունը պարզելու համար դիմենք սկզբնաղբյուրին: Ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը վկայում է.«Հայաստանի անկախության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ վճռվեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկիզբ, որովհետեւ թուրքերը հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էին դրել մեր անկախության հայտարարությունը»23: Մեկ անգամ եւս ուշադիր լսենք մեր Առաջին հանրապետության վարչապետին` ուրեմն, Հայաստանի անկախության համար մենք պարտական ենք... թուրքերին, որոնք այն դրել էին որպես նախապայման Բաթումի բանակցություններից առաջ:

Եվ այսպես` 1918 թ. մայիսի 4-ին քաղցր երաժշտությունից եւ առատ գինուց փափկած Ալեքսանդր Խատիսովը եւ Հովհաննես Քաջազնունին հայ ժողովրդի անունից Բաթումում ստորագրում են Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրը, որտեղ Սարդարապատի եւ Ապարանի հաղթանակներից մեկ շաբաթ անց եւ դրանցից անտեղյակ` Թիֆլիսում նստած նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում է Թուրքիային հանձնել իր ամբողջ երկաթուղին, Ալեքսանդրապոլ քաղաքը, Երեւանի եւ Էջմիածնի գավառների կեսը, Նախիջեւանն ու Շարուր-Դարալագյազը: Բացի դա` թուրք զորքերի առջեւ պետք է բացվեին բոլոր կամուրջները, ինչպես նաեւ Դիլիջանի ձորով Գանձակ տանող ճանապարհը: Հատկապես հետաքրքիր է պայմանագրի 5-րդ հոդվածը, համաձայն որի «Հայաստանի կառավարությունը պարտավորվում է եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանն իր երկրի սահմաններում »: Այս կետով թուրքերը ձգտում էին իրենց ապահովել ամենավտանգավոր թշնամուց` ժողովրդական ցասումից, որի վտանգը հասկանում էին շատ ավելի լավ, քան իրենց միամիտ հայ խաղակիցները:

Իսկ ինչպե՛ս ընդունվեց նման անկախության լուրը Հայաստանում: Երեւանում լույս տեսնող «Աշխատանք» դաշնակցական թերթը հունիսի 8-ին գրել է.«Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլեւս ուղեղ չունինք մտածելու, այլեւս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի՛նչ բառ ու ոճ գործածենք... Գրչի թեթեւ շարժումով մը վերջացավ ամեն ինչ. թաղվեցան ապագա հույսերն ու երազները...Նենգ եւ դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը...»24:

Երեւանի խորհրդի շենքի առջեւ սկսեց հավաքվել զայրացած ժողովուրդը: Հատկապես փոթորկված էին արեւմտահայ գաղթական-ները, նրանք պահանջում էին հանդիպում Արամ Մանուկյանի հետ: Սակայն նա չհամարձակվեց հետեւել իր սրտի ու ժողովրդի կանչին, հավատարիմ մնալով կուսակցական կեղծ հեղինակությունների հրամաններին ու կրկնելով այն նույն սխալը, որը տասն օր առաջ Ղարաքիլիսայում կատարեց մյուս ժողովրդական հերոսը` Անդրանիկը: Վրացյանի եւ Աստվածատրյանի վկայությամբ.«... հեռագիրը կաշկանդել էր Արամին: Նա ողբերգություն էր ապրում. Լուռ ու մռայլ, նա ամփոփվել էր իր մեջ եւ միայնություն էր փնտրում...»25:

Իսկ ժողովրդի մեկ այլ ընտրյալը` Սարդարապատի հերոս Դանիելբեկ Փիրումյանը, որի զորքերն այդ օրերին պատրաստվում էին ազատագրել Ալեքսանդրապոլը` ընբոստացավ.«Ես չեմ կարող իմ հաղթական զորքին հայտնել այդ խայտառակ լուրը, նրան ետ դարձնել իր արյամբ նվաճած դիրքերից: Նահանջը կազմալուծիչ կլինի իմ զորքի համար: Ես գիծ չեմ վերադառնա, գնացեք եւ այդ սեւ գործը դուք ինքներդ կատարեցեք»26:

Հունիսի 9-ին աշխարհազորայինների 1200 հոգանոց զինված ջոկատը Ղամարլու գյուղից, որն ըստ պայմանագրի անցնելու էր թուրքերին, Թոխմախան լճի կողմից շարքերով մտավ Երեւան եւ լուռ երթով, ի նշան բողոքի, անցավ Ազգային խորհրդի շենքի առջեւով` խուճապ առաջացնելով պաշտոնյաների շրջանում: Քաղաքի կենտրոնում նրանց ցույցին միացան մի քանի տասնյակ գթության քույրեր: Մյուս օրը Երեւանի պաշտպանության վաշտը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.

«Գործող բանակեն. - Իմանալով հաշտության կնքման մասին, մենք միաձայնությամբ կհայտարարենք. - ո՛չ Թիֆլիսը, ո՛չ էլ Բաթումը լիազորված չեն հայերու անունեն վերջնական բանակցություն վարելու թուրքերու հետ: Հաշտության պայմանները կատարելապես ամոթալի եւ ստորացուցիչ են հայերու համար: Ինչ եզրակացության էլ որ հանգեն այս կամ այն ազգային կազմակերպությունները, քանի դեռ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը կսպառնա ահավոր վտանգը, մենք զենքը չենք թողուր եւ կկռվենք մինչ մեր արյան վերջին կաթիլը: Կորչի՛ ամոթալի հաշտությունը... »27:

Սակայն թուրք հմուտ դիվանագետները հաշտության պայմանագրում իզուր չէին նախատեսել տխրահռչակ 5-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանը` իր տարածքում: Ժողովրդական դիմադրության բոլոր փորձերն ընդդեմ կատարվող դավաճանության` արդեն դիտվում էին որպես հակապետական ահաբեկչություն: Հուլիսի 17-ին` անկախության 40-րդ օրը նորընտիր Հայոց իշխանությունը մոգոնում է այսպիսի մի խայտառակ փաստաթուղթ.

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ Հ. Քաջազնունի,
Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր Արամ փաշա Մանուկյան,
Հայաստանի կառավարության խորհրդի քարտուղար Սահակյան
Հուլիսի 17-ին, 1918 թ.»28:

Դարերի ընթացքում դավաճանության գինն աճում է` 30 արծաթից երբեմն հասնելով հափշտակված երկրի խամաճիկ կառավարության պաշտոններին... Նույն ճակատագրին արժանացան ժողովրդական պատերազմի շատ այլ հերոսներ: Անկախության դարավոր երազի դառը իրականությունը նորաստեղծ երկրից ստիպեց հեռանալ «հանցագործ հրոսակախմբեր» հայտարարված պարտիզանական ջոկատների հրամանատարներ Պանդուխտին ու Սմբատին, Թռուցիկ Հովսեփին ու Մակեդոնին, սասունցի Մանուկին, մակվեցի Մեսրոպին, բուլղարացի Գրիգորին եւ շատ ուրիշներին: Ղարաբաղցիների Մահապարտների գունդը գլխավոր շտաբի որոշմամբ շտապ կազմալուծվեց, իսկ նախկին հրամանատար Պողոսբեկ Փիրումյանը փաստորեն աքսորվեց, ուղարկվեց Նոր Բայազետի աննշան մի զորամաս: Փոխարենն ասպարեզ եկան մեծ մաուզերներով զինված եւ մարտի դաշտում առանձնապես աչքի չընկած գողական մականուններով նոր դեմքեր` իգդիրցի Կուկուլ, կողբեցի Կոկոլ, ֆռանգենց Ալեք եւ ուրիշներ: Բնականաբար, խաբված երազանքների ու պղծված սրբությունների վիրավորանքից ժողովրդի մեջ աճում էր տարերային ցասումը: Հաշված ամիսներ անց նորանկախ երկիրը ցնցեց առաջին քաղաքական սպանության լուրը: 1918 թ. նոյեմբերի 14-ին Անդրանիկի կամավորական խմբի նախկին վաշտապետ Եգոր Տեր-Մինասյանը գնդակահարեց հայկական կառավարության ֆինանսների նախարար Խաչիկ Կարճիկյանին: Ալեքսանդր Խատիսովն այսպես մեկնաբանեց այդ վրիժառությունը.«Սպանիչ Եգոր Մինասյանը դաշնակցական մըն էր...Դատարանին մեջ ան հայտնեց, թե սպանած է Կարճիկյանը, նկատելով զայն մեղավոր այն բանի համար, որ Կովկասյան իշխանությունները զրկեցին Կովկասը ռուսական օգնութենե եւ այդպիսով թուրքերուն հնարավորություն տվին կոտորած սարգել»29:

Խատիսովը համեստորեն շրջանցում է ահաբեկիչ Եգորի սպառնալիքներն ուղղված կառավարության մյուս անդամներին` Սարդարապատի հաղթանակը թուրքերին վաճառելու համար:

Այդ հաղթանակը Բաթումում պարտության վերածվեց ոչ միայն ապաշնորհ քաղաքական ու ռազմական ղեկավարության մեղքով: Իրենց այս մեղքը քողարկելու նպատակով նրանք ճգնում էին նսեմացնել կամ ընդհանրապես մոռացության մատնել Սարդարապատը: Այսպես. տասը տարի անց գեներալ Սիլիկովն այդ ճակատամարտի գլխավոր հերոսներից մեկի մասին հեգնանքով գրեց.

«Գնդապետ Դանիէլ բեգի զեկուցմանբ /նա անգամ չի հիշատակում Փիրումյանի ազգանունը/ նրա դեմ գործում էին երկու դիվիզիա, իսկ ես կարծում եմ, որ դա շատ է չափազանցված...»30:

Ի՛նչ կարելի է ասել` թուրքական բանակի լավագույն` «Գալիբոլու» դիվիզիայի 3500 ասկյարների ոչնչացման նշանակությունն առանց չափազանցության գնահատեցին միայն իրենք` թուրքերը, նահանջելով մինչեւ Ալեքսանդրապոլ եւ պատրաստվելով հանձնել նաեւ այդ քաղաքը, եթե միայն դրան չխանգարեին հանձնվելու եկած մեր թշվառ ղեկավարները: Նրանց համար սկսվում էր նոր դարաշրջան` իշխանության քաղցր դարը, որտեղ ժողովրդական պատերազմը եւ ազատ քաղաքացիների պոռթկումը տեղ չունեին: Ճիշտ է, այդ դարը տեւեց միայն երկու տարի, իսկ նրանց քշած բոլշեւիկյան կայսրությունը առավել եւս կարիք չուներ հիշատակելու հայերի հերոսական ինքնապաշտպանությունը: Բայց Սարդարապատի խորհուրդն ու իմաստը հայ ժողովրդի հոգեւոր հիշողության մեջ մնացին անմար, որպեսզի լուսավորեն մեր ճանապարհը 20-րդ դարի վերջին, երբ ազգը կրկին սկսեց ազգային-ազատագրական պայքարը` համաժողովրդական ինքնապաշտպանության միջոցով:

Տա Աստված, որ 21-րդ դարի սկզբին մենք չմոռանանք Սարդարապատի երկրորդ դասը եւ սեփական ապաշնորհության, դավաճանության կամ պատմությունը մոռանալու հիմար սովորության պատճառով չկորցնենք արյունով նվաճած հաղթանակը:

Հ.Գ. 1918 թվականին, Սարդարապատի հերոսամարտի օրերին հեռավոր Ֆրեզնոյում ծնված ապագա գրող Վիլյամ Սարոյանը 10 տարեկան էր: Կես դար անց, մոտենալով Ռաֆայել Իսրայելյանի կառուցած Հաղթակամարին` նա ասաց առայսօր անլռելի զանգերի պես հնչող խոսքեր.

«Կուզիմ տեսնիլ աշխարհումս ուժ մը, որ կռնար կոտորել աս ազգը, աս պստիկ ու անկարեւոր ժողովուրդ մը, որու պատմություն ավարտած էր, որու բոլոր կռիվները պարտված էին, որու կառույցները ավիրած էին, որու գրածը մնաց անտեսված, երաժիշտությունը` չլսված, իսկ աղոթքը` անպատասխան: Կացեք, կոտորեք այս ցեղը... Ավիրեք Հայաստանը: Նորեն քշեք անոնց անապատներու մեջ: Թողեք անոնց առանց հացի ու ջրի: Այրեք անոնց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` կործանվե՛ցավ այս ազգը: Տեսեք, եթե մի 20 տարի անց անոր մեկ-երկու հոգի նորեն չե՛ն հանդիպիլ մի գինետանը, որ նորեն ծիծաղեն ու խոսեն անոր լեզվով: Ի՛նչ կռնաք անիլ անոնց, դուք, շան ձաքեր, եթե զույգ մը հայեր էլի կուգան ու կխնդան ու մեծ-մեծ կխոսին աշխարհու մասին ու աշխարհու հետ: Բա դուք անոնց կռնա՛ք կործանիլ...»:

____________________________

1. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 60:
2. Ռուբեն, «Հայ հեղափոխականի մը հիշատակները» հ.7,էջ.129-130:
3. Լեո, “Անցյալից”,էջ 382:
4. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 20:
5. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 85:
6. “Աշխատանք”, Երևան, 1918, մայիսի 18, # 9:
7. Լեռ Կամսար “Ազգային Այբբենարան”, էջ 79-80:
8. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 90:
9. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 61, թերթ 11:
10. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 70:
11. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 120, գործ 11, թերթ 32-33:
12. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 112:
13. “Հայրենիք”,Բոսթոն, 1959,#6, էջ 98-99:
14. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 118:
15. ՀՀ ԳԱ գրականության ու արվեստի թանգարան, Թումանյանի ֆոնդ, էջ.255:
16. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 222, գործ 12, թերթ 110-111:
17. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 200, գործ 23, թերթ 11:
18. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 115:
19. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 57, գործ 562, թերթ 11:
20. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 116:
21. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 27, թերթ 118:
22. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 130:
23. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 132:
24. “Աշխատանք”, Երևան, 1918, հունիսի 8:
25. “Հայրենիք”,Բոսթոն, 1951,#2, էջ 43:
26. Հ.Թուրշյան, “Սարդարապատի հերոսամարտը”, Երևան, 1969, էջ.223:
27. “Աշխատանք”, Երևան, 1918, հունիսի 10:
28. Ջ. Կիրակոսյան,«Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», Երևան, 1965, էջ213:
29. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 97:
30. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 92/45, գործ 18, թերթ 157-164:


Տիգրան Խզմալյան


--------------------------------------------------------------------------------
Copyright © 2002-2008 Hetq Online. All rights reserved. Design by NetFlute. Developed by Aram Badalyan. For any questions please contact to our webmaster.