Վարչապետի հետ հանդիպումից հետո ԵՄ-ն կանաչ լույս է վառել վիզային ռեժիմի հարցում
Ուշադրության կենտրոնում | Քաղաքականություն || 11:49 / 20.09.2011
Եվրահանձնաժողովը կանաչ լույս է վառել Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհին եւ այժմ սպասում է անդամ երկրների հավանությանը` բուն գործողություններին անցնելու համար: Այդ մասին երկուշաբթի երեկոյան Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրահանձնաժողովը հենց նոր հաստատել է բանակցային դիրեկտիվները` Հայաստանի հետ անցագրային ռեժիմի հեշտացման եւ ապօրինի միգրանտների վերադարձի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները, հենց որ Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը` Խորհուրդը հաստատի այդ մանդատը», – ասել է հանձնակատարը:
Շտեֆան Ֆյուլեի խոսքով, Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրել անհրաժեշտ բարեփոխումների իրագործման ճանապարհին, եւ եթե այդ միտումը շարունակվի, առաջիկայում Բրյուսելից է’լ ավելի մեծ աջակցություն կստանա:
«Ես վստահեցրի Հայաստանի վարչապետին, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը` երկրում ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգը է’լ ավելի առաջ տանելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ այս տարվա ընթացքում Եվրամիությունն արդեն իսկ կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին», – ասել է Ֆյուլեն եւ հիշեցրել կառույցի` «որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ աջակցություն» կարգախոսը:
Իր հերթին, Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, թե պաշտոնական Երեւանը ոչ միայն հավատարիմ է բարեփոխումները շարունակելու հանձնառությանը, այլեւ պատրաստվում է դրանց նոր թափ հաղորդել:
«Մենք մտքերի փոխանակություն իրականացրեցինք մեր ծրագրերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացրինք մի նոր օրակարգ, որը բաղկացած է երեսուներեք միջոցառումներից եւ նպատակ ունի նոր թափ հաղորդել բարեփոխումներին` Եվրամիության «Արեւելյան հարեւանություն» ծրագրի շրջանակներում: Մենք համոզված ենք, որ ամբողջությամբ ի վիճակի ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները», – հայտարարել է Տիգրան Սարգսյանը եւ հույս հայտնել, թե շատ շուտով Եվրամիությունը կհայտարարի նաեւ Հայաստանի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Քաջալերելով Հայաստանի իշխանություններին` կատարված բարեփոխումների համար, Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատարը նշել է, որ դեռեւս «անելու շատ բան կա»:
«Տասն օրից Լեհաստանում կմեկնարկի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, մի շատ կարեւոր հիմնաքար ` այս քաղաքականության զարգացման ճանապարհին, որը կվերահաստատի մեր երկկողմ հանձնառությունը եւ կստեղծի մի կարեւոր բեկումնային պահ` Արեւելյան գործընկերության անդամ երկրներին Եվրամիությանը է’լ ավելի մոտեցնելու համար», – ասել է Շտեֆան Ֆյուլեն: