ՀՈՂՈՏ, ՄՂԵՂՈՏ
Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,
Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը:
Կտուրին բարղու ստվերն էր քնում,
Եվ շեմքի վրա քնում էր շունը:
Կիսարթուն քամին կտուրից թոչում,
Ցանկապատին էր հենում կռնակը:
Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:
Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին օրհնած եզները:
Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:
Ամոան գիշերը գլուխը հակում,
Ծնկները գրկում ու մտածում էր...
Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
Հողի տակ են մեր հոգսերը անհոգ,
Բարդու շրշունր, շունը, գիշերը,
Իսկ հողի վրա խշխշում են լոկ
Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը: