ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ...
Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են։
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են։
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները։
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են...
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են։