“Առայժմ միայն գնում են ասում այո: 10 տարի, 12 տարի, 16 տարի ասում են այո: Եվ մտածում են, որ դա ձեռաց կանցնի, ոչինչ: Բայց ինչպես կարող է ձեռաց անցնել, եթե միջազգային հանրությունը պատրաստել է լուծման սխեմա: Կա լուծման սխեմա, եւ կա այդ սխեմայի բուրգի գագաթը` եռյակի հայտարարությունը: Անվերջ ասում են այո, մասնակցում են գործընթացին, եւ ինչ որ էտապում ասել ոչ, այդպես չի լինում: Կասեն` մենք ի վերջո երեխանե՞ր ենք, ինչ է, ովքեր եք դուք ընդհանրապես, դուք ներկայացնում եք ի՞նչ. Դուք ներկայացնում եք պետությու՞ն, երկի՞ր, խմբավորու՞մ, թե ինչ որ կորպորացիա: Դուք պիտի շարունակեք դա անել: Քաղաքական մեխանիկան այդպիսին է”, ասում է Իգոր Մուրադյանը: Նա նշում է նաեւ, որ Հայաստանում չկա ոչինչ, որ կարող է ընդհատել այդ խելահեղ գործընթացը:
“Ով պետք է կանգնեցնի. Խորհրդարանը, կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը, ղարաբաղյան հանրությունը` ես նկատի ունեմ այնտեղի խորհրդարանը, այնտեղի կառավարությունը, այնտեղի շահերի խմբերը: Չկան այդպիսի բաներ, հասկանո՞ւմ եք”, ասում է Իգոր Մուրադյանն ու նշում, որ Հայաստանի ընդդիմությունը` Հայ Ազգային կոնգրեսը, չի կարող կանգնեցնել, քանի որ ինքն է ներկայիս լուծման գաղափարախոսը եւ սպասում է, որ իշխանությունն իր ձեռքով անի այդ ամենը, իսկ Ղարաբաղի հասարակությունն էլ վախեցած ու ստրկացված է Ղարաբաղի իշխանության ջանքով, եւ ունակ չէ պայքարելու: “Եվ գումարած նաեւ անգաժավորված մամուլը”, ասում է Իգոր Մուրադյանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը Սփյուռք գնալու փոխարեն պետք է գնար համաշխարհային մայրքաղաքներ եւ ասեր այնտեղ, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար աղետ են: “Նա գնում է ասում է այո, ես համաձայն եմ, խաղաղ ճանապարհ: Չի լինելու արդեն նրան ժամանակ ասելու, որ ես համաձայն չեմ”, ասում է Իգոր Մուրադյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը համաշխարհային մայրաքաղաքներում զբաղվում է իր անձնական խնդիրներով, որ ճանաչեն իր իշխանությունը: “Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ նրանք ասեն մենք սրա հետ համաձայն չենք”, հարցնում է Իգոր Մուրադյանը:
http://www.lragir.am/armsrc/politics36468.html