ԼՂ անկախությունը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Foreign Policy
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի համար երբեք չի հանդիսացել տարածքային վեճ, ինչպես հաճախ դա փորձում է ներկայացնել Բաքուն`շահարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1993-ի չորս համապատասխան բանաձևերի տեքստերը: Իրականում, հակամարտության իրավական կողմի համար հիմք է հանդիսանում ժողովուրդների հավասարության և ազատության ու ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը»,-գրում է ամերիկյան վերլուծական «Foreign Policy Journal» ամսագիրը` «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. դե-ֆակտո անկախության առաջին 20 տարիները» հոդվածում:
Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միանալու Խորհրդային կառավարությանն ուղղված խնդրանքը, ինչպես նաև 1991-ին ԼՂ անկախության հռչակումը «մարդկանց` իրենց ինքնորոշման իրավունքից օգտնվելու և իրենց ճակատագրերը տնօրինելու» օրինակ ծառայեցին, ինչին ի պատասխան, ասվում է հոդվածում, Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Ղարաբաղի ժողովրդի դեմ` աֆղան մոջահեդների և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ ուժերի օգնությամբ, որոնք նույնպես պայքարում էին էթնիկ հայերի դեմ:
«Ի վերջո, Բաքվին և Ադրբեջանի որոշ կողմնակիցներին չհաջողվեց գրավել Ղարաբաղը, ինչի արդյունքում Բաքուն ստիպված եղավ հրադադար խնդրել, որի մասին համաձայնագիրը կնքվեց 1994-ին` Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի կողմից: Հետագայում ԵԱՀԿ միջնորդները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանը խախտում է կնքված հրադադարի ռեժիմը»,-գրված է հոդվածում:
Ըստ պարբերականի` ԼՂ անկախությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի:
«Իսկ նրանց համար, ովքեր հրաժարվում են ընդունել տարածաշրջանային իրողությունները, միջազգային հանրությունը բազմիցս հաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը, որի հիմքում ընկած են միջազգային իրավունքի երեք սկզբունքները` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելը»,-ասվում է հոդվածում: